Թուրքիայում բացահայտվել է զինվորական հեղաշրջման նոր գաղտնի ծրագիր
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվել է նոր սկանդալային տեղեկություն: «Taraf» թերթը բարձրաձայնել է Թուրքիայում զինվորական հեղաշրջում իրականացնելու նոր ծրագրի մասին:
Աղբյուրի համաձայն` 2002 թվականին, երբ իշխանության է եկել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, անմիջապես հետո որոշ գեներալներ զինվորական հեղաշրջման ծրագիր են պատրաստել, որը կոչվել է 1971 թվականին հեղաշրջման հայտնի օպերացիայի անունով` «Բալյոզ»: Ծրագրի նպատակը «ԱԶԿ»-ին իշխանությունից հեռացնելն էր:
Ծրագրի համաձայն` երկրում նախ պետք է ստեղծվեր քաոսային իրավիճակ, ռմբահարվեին ինքնաթիռներ, պայթեցվեին մզկիթներ: Այնուհետև օգտվելով անկայուն իրավիճակից, իրականացվեր իշխանափոխություն: Օպերացիայի ընթացքում պետք է օգտագործվեին նաև պայթուցիկներով բեռնված մեքենաներ:
«Թարաֆ» թերթի թղթակից Մեհմեթ Բարանսուն իշխանափոխության ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկությունը 4 խտասակավառակների (CD) տեսքով հանձնել է Ստամբուլի գլխավոր դատախազությանը: Սկսվել է հետաքննություն:
Նշենք, որ սա պետական հեղաշրջում իրականացնելու գաղտնի գործողությունների հերթական ծրագիրն է: Ավելի վաղ բացահայտվել և ավելի քան երկու տարի շարունակվում է «Էրգենեքոնի» գործով դատավարությունը, որը ևս նույնաբովանդակ է:
Հիշեցնենք, որ վերջին 40 տարիների ընթացքում Թուրքիայում զինվորականներն իրականացրել են 4 ռազմական հեղաշրջում. 1960թ.,1971թ., 1980թ., և 1997թ., երբ թուրքական բանակի գլխավոր շտաբը ստիպեց հրաժարական տալ այն ժամանակվա վարչապետին, իսլամիստների առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանին:
Ըստ ամենայնի` Թուրքիայում ներկայումս հասունանում է զինվորական հեղաշրջումը: Քանի որ զինվորականները սահմանադրորեն իրավասու են միջամտել պետական գործերին, երբ խոսքը գնում է քեմալական պետության հիմքերի սասանման մասին: Այդ մասին ամրագրված է Թուրքիայի սահմանադրության 111 և 118 հոդվածներով:
ArmAr.am












