Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել ՀՀ ՍԴ-ի որոշումը

Հունվար 22, 2010թ. 10:47

output_fileԹուրքիայի կառավարությունում նախօրեին գումարված նախարարների խորհրդի նիստն ընթացել է վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ և տևել շուրջ երեք ժամ:

Կառավարության խոսնակ, պետնախարար և վարչապետի օգնական Ջեմիլ Չիչեքը նիստի ավարտից հետո հանդիպել է լրագրողների հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը:

Չիչեքը հայտնել է, որ նախարարական ժողովի քննարկման օրակարգում եղել են երկրի ներքին կյանքի կազմակերպմանն ու կարգավորմանը միտված օրինագծեր: Նա նաև ընդգծել է, որ Անկարայի եվրաանդամակցության ձգտումը կառավարության համար շարունակում է մնալ օրակարգային:

Իսկ լրագրողների այն հարցին, թե ժողովի ընթացքում անդրադարձ եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը, Թուրքիայի կառավարության խոսնակը պատասխանել է, որ այդ թեմայով գնահատականներ չեն հնչեցվել: Նա մատնանշել է, որ առայժմ այդ մասին գրավոր հայտարարությամբ հանդես է եկել միայն արտգործնախարարությունը:

Չիչեքը շեշտելով, որ Սահմանադրական դատարանի այդ որոշումը հակասում է արձանագրությունների բովանդակությանը, ասել է. «Դա կարգավորմանը ջանքերին խոչընդոտող որոշում է: Ամեն դեպքում եթե Հայաստանի կառավարությունը այդ արձանագրությունների իրագործման մեջ մի օգուտ է տեսնում և այդ հարցում անկեղծ է, ապա անհրաժեշտ է, որ միջազգային հանրությանն ու Թուրքիային այդ իմաստով բավարարող պարզաբանում տա: Այլապես այդ որոշումն ապարդյուն կդարձնի գործադրվող ջանքերը: Թուրքիայի համար դա անընդունելի է»:

Նշենք, որ, ըստ «Hurriyet»-ի տեղեկատվության, Թուրքիան պատրաստվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանն ի պատասխան կազմել իրավական մի փաստաթուղթ և երկու երկրների մերձեցմանը միջնորդած Շվեյացարիային, ինչպես նաև ստորագրման արարողությանը ներկա գտնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու Եվրամիությանը: Իրավական այդ փաստաթղթի նպատակն իբր լինելու է Արևմուտքին ցույց տալ, թե ինչպես է պաշտոնական Երևանը փորձում խուսափել արձանագրությունների վավերացումից:

Նկատենք, որ Անկարան նման քայլերով փորձում է քողարկել կարգավորման գործընթացի արհեստական ձգձգման իր վարքագիծը և գործընթացի հնարավոր տապալման պատասխանատվությունը թողնել Հայաստանի վրա: Չպետք է մոռանալ, որ մինչև ՍԴ որոշման շուրջ աղմուկ բարձրանալը, Թուրքիայի մեջլիսի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը բացահայտ հայտարարել էր, որ ինքը միտումնավոր խորհրդարանի օրակարգ չի բերում արձանագրությունների վավերացման հարցը, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրում չկա առաջընթաց: Սա° է Անկարայի կառուցողականությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն