Սերժ Սարգսյան. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում կան հազարավոր պրոբլեմներ, բայց…»
2008-2009 թվականների ընթացքում կատարած գործունեության որոշ դրվագներ այսօր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջինիս տեղեկացմամբ, այս տարի ՎՊ-ի հաստատված ծրագրով նախատեսում են ուսումնասիրություններ կատարել վարկային ծրագրերում, կրթական, մասնավորապես բուհական համակարգում:
«Այս տարվա ծրագիրն ամփոփելուց հետո, մենք կարող ենք վստահաբար հայտարարել, որ առաջին երեք տարիների գործունեության ընթացքում Վերահսկիչ պալատը փաստորեն հասցրեց ուսումնասիրել պետական բյուջեից ստացված միջոցների արդյունավետության հետ կապված բոլոր խնդիրները», -հավելեց ՎՊ նախագահը:
Ի. Զաքարյանի հաշվետու ելույթից հետո ՀՀ նախագահն իր ելույթում նկատեց. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում կան հազարավոր պրոբլեմներ և միայն միամիտներին կարող է թվալ, որ միայն մեկ հարվածով կարելի է այդ պրոբլեմները լուծել. դրա մասին կարող են խոսել նրանք, ովքեր պատկերացում չունեն , ընդհանրապես պրոբլեմների ծավալի ու կառավարման մեթոդների մասին: Ուստի, մենք պետք է տրամադրվենք տևական, նպատակասլաց, համառ աշխատանքի», -նկատեց նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով, պետք է կարողանալ առկա խնդիրներից զանազանել կարևորագույնը և լուծում տալ դրանց:
«Իմ համոզմամբ, Վերահսկիչ պալատի դերակատարությունն էլ հենց այն է, որպեսզի կարողանա նկատել եղած պրոբլեմները, թերացումները առաջին հերթին կառավարման ոլորտում ու կարողանա ճիշտ որոշումներ կայացնել, վերացնել դրանք», -նշեց նախագահը:
ՎՊ գործունեության կարևորագույն քայլերից նախագահն առանձնացրեց պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախսման վերահսկողությունը: Այս առումով, նախագահն ասաց, որ պալատը լավ է աշխատել ու իր գոհունակությունն արտահայտեց կատարված աշխատանքից:
«Բայց ասածս չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են և զարգանալու տեղ չկա: Ընդհակառակը իմ ասածը նշանակում է, որ դուք սկսել եք աշխատել նորմալ և անպայման պետք է ակտիվանաք, խորացնեք ու բարելավեք աշխատանքի որակը», -նկատեց ՀՀ նախագահը:
Տեղեկացնենք, որ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության նախագահի շնորհակալագրերով պարգևատրվեցին ՎՊ երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը, ՎՊ 5-րդ վարչության պետ Գագիկ Ստեփանյանը և ՎՊ 8-րդ վարչության պետ Արթուր Գրիգորյանը:
ArmAr.am












