Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Նեզավիսիմայա գազետա. « Թուրքիան հնչեցնելով նման հայտարարություններ փորձ է անում ճնշում գործադրել Երևանի վրա»

Հունվար 22, 2010թ. 16:02

Nezavisimaja_gazetaԵրևանի և Անկարայի միջև շարունակվող  բանակցային գործընթացներին սկսել են շատ արագ արձագանքել օտարալեզու հայտնի լրատվամիջոցները:

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, թե նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլլաh Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում մեծ դժվարությամբ ստորագրվեցին հայտնի Արձանագրությունները, որոնք իրենցից ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մանրամասն ծրագիր: Սակայն այսօր ստեղծվել է «ծայրահեղ բարդ բանակցային իրավիճակ», որի արդյունքում այս հսկայական աշխատանքը կարող է ապարդյուն լինել:

Ակնհայտ է, որ թուրքական կողմի նախապայամաններ թելադրող քաղաքականությունը չի վրիպում նաև օտարալեզու լրատվամիջոցների ուշադրությունից: Եվ ահա, ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն   հիշեցնում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը, մինչ Հայաստանի Սահամանդրական դատարանի որոշումն արդեն իսկ հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի միայն ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո:

«Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև չեն լուծվել տարածքների վերաբերյալ խնդիրները, հայթուրքական Արձանագությունները թուրքական խորհրդարանում չեն քննարկվելու»,- ասել էր Մուրաթ Մերջանը: Վերջինս նույնիսկ ընդգծել էր, որ  Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններն Անկարայի համար ամեն ինչից վեր են դասվում: Արձանագրությունների ստորագրումից հետո, Թուրքիայի խորհրդարանի առավել արմատական պատգամավորներն իրենց կառավարությունից պահանջել էին ներողություն խնդրել «եղբայրական Ադրբեջանից», քանի որ թուրքական կառավարությունը, գնալով այդ քայլին, «վիրավորել է ոչ միայն ադրբեջանիցներին, այլ նաև թուրքերին»:

Հոդվածագիրը հիշեցնում է նաև` արձանագրությունների ստորագրումից ընդամենը մեկ օր անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մասին. երբ թվում էր, թե  կողմերը պայմանավորվել էին հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններով չպայմանավորելու մասին, մինչդեռ Էրդողանը հայտարարում է.«Առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, հայթուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է»: Պարբերականը նկատում է, որ Թուրքիայի վաչապետը արձանագրությունների ստորագրումից ի վեր նման բովանդակությամբ բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել:

« Էրդողանի այս հայտարարությունը կարելի է բացատրել նաև Ադրբեջանի հիվանդագին արձագանքով, երբ Բաքուն պաշտոնական մակարդակով հայտարարեց, որ նման քայլը բացահայտ դավաճանություն է Անկարայի կողմից, և նույնիսկ Թուրքիային սպառնաց վերանայել երկու երկրների ռազմավարական հարաբերություններն ու էներգետիկ անհարմարություններ ստեղծել նրա համար»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Հոդվածագիրն արձանագրում է, որ այլևս շատերի համար հստակ է, որ Թուրքիան հնչեցնելով նման հայտարարություններ փորձ է անում ճնշում գործադրել Երևանի վրա, մասնավորապես, ` հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն