Թուրքիայի խորհրդարանում թեժ բանավեճ է ծավալվել արձանագրությունների շուրջ
Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում լարված իրադրություն է ստեղծվել հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալված քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնող «Vatan» օրաթերթը հայտնում է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժեր` «ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները պահանջել են հետ վերադարձնել վավերացման համար ներկայացված արձանագրությունները` ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման: Հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանն էլ հակադարձել է, թե «դա կառավարության որոշելիքն է»:
Նախօրեին կայացած այդ քննարկումն ընթացել է դռնփակ: Ընդդիմադիրները հայտնել են, որ Էրդողանի արձագանքը Սաուդյան Արաբիայից գոհացուցիչ չէր: Դա ցույց է տալիս, որ Անկարան սպասողական վիճակի մեջ է, մինչդեռ, ըստ թուրք ընդդիմադիր պատգամավորների, պետք է այդ փաստաթղթերը վերադարձվեն կառավարությանն ու օրակարգից հանվեն:
Մերջանն էլ փորձել համոզել գործընկերներին, որ, այդուամենայնիվ, հարկավոր է համբերատարություն դրսևորել: «Շտապ արվելիք քայլերը Թուրքիային կարող են դժվար կացության մեջ դնել»,- ասել է Մերջանը և հիշեցրել, որ իրենց երկրի արտգործնախարարութունը իրավաբաններին հանձնարարել է միջազգային իրավունքի շրջանակներում ուսումնասիրել ՀՀ ՍԴ-ի ընդունած որոշումն արձանագրությունների վերաբերյալ: Նա ասել է, որ գործնականում տարբերություն չկա` արձանագրությունները խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովում կսառեցվե՞ն, թե՞ հետ կուղարկվեն կառավարություն:
ArmAr.am












