Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Սահմանադրական դատարանը պարզապես վերացական որոշում չի կայացրել

Հունվար 25, 2010թ. 10:00

ara-papyanՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՍԴ որոշումը` հայ-թուրքական արձանագրությունների մասին միայն այն է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը, այլ ոլորտներ, ըստ Սահակյանի, չեն կարող պարտադրաբար լինել ՀՀ ԱԺ-ի համար:

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեր օրենսդիրները չգիտեն իրենց իսկ ընդունած օրենքները: Հայաստանի Հանրապետության օրենքը Սահմանադրական դատարանի մասին (2006թ.) միանշանակ ամրագրում է. ՙՍահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՚: [Հոդված 61(5)]

Ըստ այդմ, անառարկելիորեն պարզ ու հստակ է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշումը (12 հունվարի, 2009թ.) պարտադիր է Ազգային ժողովի համար` որպես պետական մարմնի, և պարտադիր է Ազգային ժողովի պատգամավորների համար` որպես ֆիզիկական անձանց: Այն պարտադիր է նաև ՀՀ նախագահի (պետության գլխի) և ՀՀ արտգործնախարարության (կառավարության համապատասխան գերատեսչության) համար` որպես իրավաբանական անձանց, ինչպես նաև Սերժ Սարգսայանի և Էդվարդ Նալբանդյանի համար` որպես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց:

Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը սահմանել է պատասխանատվություն. «Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»: [Հոդված 66]

Հիմա տեսնենք ի՞նչ որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը: Շատերն ուզում են այնպես ներկայացնել, իբր Սահմանադրական դատարանը պարզապես որոշել է, որ «արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Բնավ այդպես չէ: Սահմանադրական դատարանը պարզապես վերացական որոշում չի կայացրել, այլ որոշումը կայացրել է որոշակի և էական վերապահությամբ. «ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները և …»: Այսինքն, որոշումը որոշում է միմիայն  «հաշվի առնելով որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները»: Առանց այդ դիրքորոշումների` որոշումը որոշում չէ:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը, համաձայն Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդված 5-րդ կետի պահանջի, պարտավոր է խնդրո առարկա արձանագրություններն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել արդեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների հիման վրա սահմանված վերապահումներով: Հակառակը կլինի վերոհիշյալ օրենքի խախտում, և այդ դեպքում պիտի գործի նույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:

Արա Պապյան

«Մոդուս Վիվենդիե կենտրոնի ղեկավար


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն