ՀՀ բանակը պատրաստ է պատերազմի
Այսօր Մայր բուհի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպեց բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: «Բանակը և կրթությունը» խորագրով հանդիպմանը ծավալված քննարկման թեման ընդգրկուն էր` հայկական բանակում առկա խնդիրներից մինչև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Ուսանողի այն պնդմանը, որ բանակից վերադարձողները, դժգոհ լինելով ծառայությունից, խորհուրդ են տալիս խուսափել զինծառայությունից, նախարարը պատասխանեց. «ՀՀ զինված ուժերի ձևավորման առանձնահատկություններից մեկն այն է, որ կարճ ժամանակահատվածում կարողացավ կայանալ: Շատ խորհրդային պետություններ, որոնք զինված ուժեր ունեն, շատ հետ են մեզանից և բավականին լուրջ խնդիրներ ունեն զինծառայությունը իրականացնելու համար:
Այսօր ՀՀ-ում և ԼՂՀ-ում ունենք զորամասեր, որոնք չեն զիջում Խորհրդային Միության 70-75 տարիների ընթացքում ձևավորված զորամասերին` մշտական տեղակայման վայրերով, սոցիալ-կենցաղային նորմալ պայմաններով, մարտական դաշտերով: Այսօր ԼՂՀ պաշտպաության բանակում այնպիսի համակարգ է ստեղծված, որ հակառակորդը դասական ոճով հարձակում կազմակերպել և դրանք հաղթահարել չի կարող:
Ովքեր ասում են, որ պետք է խուսափել զինծառայությունից կամ լավ հրամանատար չեն ունեցել, կամ միջանձնային հարաբերությունները լավ չեն եղել: Բայց ասել, որ դա համատարած է, սխալ է: Ի վերջո, կարող են այդպես խոսել այն մարդիկ, ովքեր չեն հասկանում` ինչ է նշանակում երկրի պաշտպանություն, մանավանդ եթե բարձրագույն կրթությամբ անձինք են այդպես մտածում… հիշենք Նժդեհին, որ ասում էր. «Վայ քեզ բանակ, եթե նմաններով լի են շարքերդ»:
Նախարարի խոսքերով, բուհ ավարտածների միայն 52 տկոսն է անցնում ծառայության: «Լուրջ աշխատանքներ են տարվում զորակոչի արդարացի իրականացման համար, նաև զինված ուժերի համակարգի համալրման, կատարելագործման ուղղությամբ, ըստ այդմ, միջոցառումներից մեկն այն է, որ զորակոչիկներին ընդգրկենք համակարգ` ըստ մասնագիտությունների»:
Ըստ նախարարի, բոլորը պետք է ծառայեն բանակում, և ծառայության հիմքում պետք է լինի սոցիալական արդարությունը, ազնվությունն ու հավասարությունը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, Ս. Օհանյանը նշում է. «Բանակցային գործընթացը շարունակվում է բնականոն հունով: Պետք է ամեն ինչ անել, որ ԼՂ հարցը լուծվի միայն երկխոսության և խաղաղ պայմաններում: Որպես պաշտպանության նախարար` սկզբունք ունեմ. եթե ուզում ես հասնել խաղաղության, պետք է միշտ պատրաստ լինես պատերազմի: Պատերազմի վերսկսման հավանականությունը ինձ համար միշտ էլ կա: Բանակի ամբողջ անձնակազմը պատրաստ է դրան»:
Ներկաները անդրադարձան նաև նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, առաջարկվեց նկարահանել գեղարվեստական ֆիլմեր: ՊՆ նախարարը նկատեց, որ հայրենասիրական դաստիարակությունը անհրաժեշտ է ոչ միայն բուհերում, այլ ժողովրդի շրջանում ևս. «Այսօր հայրենսիրական դաստիարակության հայեցակարգ ենք մշակում. այդ ուղղությամբ հմապատասխան աշխտանքների ժամաակ բուհերն էլ են մասնակցել»:
ArmAr.am












