Թուրք փորձագետ. Պետք չէ մոռանալ, որ Ցեղասպանությունը հայերի ազգային խնդիրն է ու նրանք շարունակելու են իրենց պայքարը
«Ըստ էության` թուրքերն այս գործի համար այդքան նպատակդրված չէին: Այժմ պատրվակ են ստեղծում գործընթացն ամբողջությամբ
տապալելու համար»,- այսպես է սկսում «Sabah» թերթում հրապարակած իր հոդվածը թուրք վերլուծաբան Օմեր Թաշփնարը: Նա նախ հիշեցնում է Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին ամերիկացի դիվանագետի խոսքը. «Եթե հայկական բարձրագույն այդ իրավական ատյանը արձանագրությունները ճանաչեր հակասահմանադրական, անշուշտ, կուժեղացներ Թուրքիայի դիրքերը, բայց այժմ գնդակը թուրքական կողմում է: Այժմ Անկարան դժվար կացության մեջ է»:
Թաշփնարն ուշադրություն է հրավիրում Թուրքիայից նկատված բացասական արձագանքների վրա: Նա նշում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը ընդամենը հաստատել է այդ փաստաթղթերի սահմանադրականությունն ու ցույց տվել, որ դրանք «Հայոց ցեղասպանության» պայքարից հրաժարվելու էլեմենտներ չեն պարունակում:
«Սա շա°տ աննորմալ է: Ինչո°ւ է աննորմալ: Հայաստանը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար արձանագրություններին աջակցելիս, Ցեղասպանության հարցը սեղանին չի դրել որպես նախապայման: Այդ պատճառով էլ ողջ հայկական սփյուռքը դատապարտեց այդ գործընթացը: Սարգսյանը մեծ ռիսկի գնաց` դա որպես նախապայման առաջ չքաշելով: Իսկ մենք ի°նչ կարծեցինք: Հայաստանը ցեղասպանության հարցից խուսանավե°լ է, մի°թե մենք այդչափ պարզամիտ ենք»,- գրում է թուրք փորձագետն ու հավելում, որ պետք չէ մոռանալ, որ Ցեղասպանությունը հայերի ազգային խնդիրն է: Այդ ուղղությամբ պայքարն ինչպես եղել, այդպես էլ շարունակվելու է:
Թաշփընարն անդրադարձել է նաև Թուրքիայի դժգոհության մյուս երկու պատճառներին` Կարսի պայմանագրի վերաճանաչմանն ու Ղարաբաղի հարցին:
Նախ նա նշում է, որ արձանագրությունների 3-րդ և 5-րդ հոդվածներում ամրագրված է, որ կողմերը պարտավորվում են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և հարգանք ցուցաբերել փաստացի սահմանների նկատմամբ: Այդքանիc հետո, ըստ թուրք վերլուծաբանի, պահանջել Հայաստանից Կարսի պայմանագրի վերաճանաչում, կնշանակի նախապայմաններ առաջ քաշել: Նմանապես և ղարաբաղյան հիմնախնդրի դեպքում:
«Արձանագրություններում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ոչ մի նախապայման չկա: Մինչդեռ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ադրբեջանի և ընդդիմության պատճառով այդ հարցը նախապայմանի կարգավիճակի է բերել և արձանագրությունները չվավերացնելու համար պատրվակ է փնտրում: Վաշինգտոնում բացահայտ կերպով այսպես են գնահատում ստեղծված իրավիճակը»,- գրում է Օմեր Թաշփնարը:
Թուրք հեղինակը նաև մտահոգություն է հայտնում, որ այսպես շարունակվելու դեպքում Անկարայի ու Վաշինգտոնի միջև լուրջ ճգնաժամն անխուսափելի է լինելու:
Օբաման Կոնգրեսի հետ համաձայնության գալու բազմաթիվ հարցեր ունի: Իսկ 2010-ի հոկտեմբերի ընտրություններում, ամենայն հավանականությամբ, դեմոկրատները լուրջ պարտություն են կրելու: Հետևաբար հայկական լոբբիի համար բարեպատեհ հնարավորույթուն կա մինչև հանրապետականների թվի ավելացումը Կոնգրեսում առաջ մղել Ցեղասպանության բանաձևը:
«Իսկ Օբաման էլ եթե արձանագրությունների հարցում Անկարայից չստանա իր ուզած օգնությունը, շատ դժվար վիճակում է հայտնվելու»,- նշում է Թաշփնարև և ընդգծում, որ Թուրքիան արձանագրությունների վավերացման գործընթացում դրական քայլ չանելով` նպաստավոր պայմաններ է ստեղծում հայկական լոբբիի համար, որի` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավին հաշված օրեր են մնացել:
ArmAr.am












