Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Ասա ի՞նչ ավանդույթներ ես պահպանում, ասեմ ով ես դու»

Հունվար 26, 2010թ. 11:30

Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամ  ստիպված է եղել արյան գնով պահպանելու ազգայինը: Դարերով չունենալով անկախ պետականություն` այնուամենայնիվ հայը կարողացել է զերծ մնալ օտար արժեքների դավանումից, եւ ավելին` 3-րդ հազարամյակ է հասցրել այնպիսի ազգային ավանդական ժառանգություն, որի մասին կարելի է ոչ միայն հիացմունքով խոսել, այլեւ պարծանքով ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին, հատկապես այսօր, երբ անկախ Հայաստանն ադամանդի հղկված բյուրեղի պես փայլում է Եվրոպայի պարանոցին:

Չենք կարող չհամաձայնել, որ հայ ժողովուրդը բավականին ավանդապահ է:  Ինքնապահպանության ներքին մղումով, հայերը դարեր շարունակ փորձել են ամուր պահել սերնդեսերունդ ժառանգված շատ ավանդույթներ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Armar.am-ի հետ զրույցում նշեց, որ ավանդույթներ պահպանելը փոքր ազգերին բնորոշ հատկանիշ է. նրանք խուսափում են գլոբալիզացիայից: «Երբեմն էլ մարդիկ հարկադրված են ավանդապահ դառնում, քանի որ չունեն հարաբերությունների և շփման մեծ եզր արտաքին աշխարհի հետ»,- նկատեց ազգագրագետը, հավելելով, որ քրիստոնեության մուտքը Հայաստան մշակութային ավանդույթների ամենամեծ  փոփոխությունն է եղել:

Ավանդույթների թեմայի շրջանակներում վստահաբար կարող ենք ասել, որ «Հայկական ավադական ընտանիք» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Ըստ ազգագրագետի` ավանդական ասելով պետք է հասկանալ մի քանի սերունդ համատեղ ապրող, ընդհանուր սեփականություն ունեցող, պարտավորությունների և իրավասությունների սահմանաբաժան ունեցող մարդկանց: «Եթե 100 տարի առաջ գերակշռում էր եռասերունդ ընտանիքը, ապա այսօր ավելի շատ երկսերունդ ընտանիքներ են»,- մասնավորեցնում է Հրանուշ Խառատյանը: Հայկական ավանդական ընտանիք ասելով, ըստ ազգագրագետի, պետք է հասկանալ նաեւ հայերին խիստ բնորոշ այն պահվածքը` ըստ որի չափահաս, ընտանիք կազմած զավակները սկզբունքորեն տևական ժամանակ ապրում են ծնողների հետ, ծնողներն էլ իրենց հերթին դեռ երկար ժամանակ իրենց պարտավորված են զգում զավակների, ապա` թոռների հանդեպ:

Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, ով հայտնի է որպես հայկական ավանդույթների ջատագով, մեզ հետ զրույցում նշեց, որ մեր ժողովուրդը իր իսկ ստեղծած  ավանդույթների մասին լավ տեղեկացված չէ: Ըստ նրա` մեզ մնացել են մեր հրաշալի  ավանդույթների միայն փշրանքները: Տարածված դիտարկմանն ի պատասխան, ըստ որի` տեխնիկայի նորամուծությունները խանգարում են ավանդույթների պահպանմանը, Լուսիկ Ագուլեցին նշեց. «Մեր տանը մի քանի հեռուստացույց կա, համակարգիչ, բջջային հեռախոսներ, բայց դրանք մեզ միայն օգնում են: Կարծում եմ` ավանդույթների պահպանման հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ ԶԼՄ-ները` ավելի հաճախակի ներկայացնելով մեր ազգային ավանդույթները»,- կարծիք հայտնեց Լուսիկ Ագուլեցին:

Նկարչուհին տխրությամբ է փաստում, որ այսօր շատ հայուհիներ` հեռանալով հայկական ավանդույթներից, իրենց թույլ են տալիս ՙբարեմասնություններն ի ցույց դնել ամենքին»:

Երեւանում անցկացված մեր փոքրիկ հարցախույզը վկայում է, որ երիտասարդներից շատերը կողմ են ավանդույթների պահպանությանը, բայց դեմ չեն նաեւ անկաշկանդ ու համարձակ լինելուն:

Յուրաքանչյուր հայի պարտքն է լինել հայրենասեր եւ ազգապահպան, չամաչել դարերից եկող մեր ավանդույթներից, հատկապես, ներկայիս գլոբալացման ,  համահարթեցման ժամանակաաշրջանում, ուր ամեն ինչ տանում է ազգային դիմագծի կորստի:

Յուրաքանչյուր հայ թող ինքն իրեն ճանաչի` «Ասա ինչ ավանդույթներ ես պահպանում, ասեմ ով ես դու» ժողովրդական ասույթին հարազատ, և եթե գտնի իրեն ավանդույթներից շատ հեռացած, անհապաղ բռնի վերադարձի ուղին:

(շարունակելի)

Օֆելյա Բաբայան


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն