Սթիվեն Լարեբի. «Ադրբեջանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն. նրա զինված ուժերը շարժունակ և մարտունակ չեն»
Ամերիկյան «Արևելք-Արևմուտք» անվտանգության հիմնախնդիրների ինստիտուտի փոխնախագահ Սթիվեն Լարեբին ադրբեջանական «Turan» գործակալության վաշինգտոնյան թղթակցին տված հարցազրույցում իր դիտողություններն է ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ: «Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին միանալու»,- կարծում է նա:
«ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար պարտադիր չէ ընդդիմադիր լինել Ռուսաստանին: Գոյություն ունեն ավելի էական գործոններ: Առաջին հերթին, Ադրբեջանը պետք է արդիականացնի և վերակառուցի իր բանակը, որպեսզի նորմալ համագործակցի ՆԱՏՕ-ի ուժերի հետ»,- ասել է Լարեբին:
«Ադրբեջանի զինված ուժերը պետք է դառնան ավելի շարժունակ և մարտունակ՝ երկրի սահմաններից դուրս և երկարաժամկետ գործողությունների համար: Զինծառայողները պետք է տիրապետեն անգլերենին, միաժամանակ անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքացիական վերահսկողությունը բանակի նկատմամբ»,- ընդգծել է վերլուծաբանը: Ինչ վերաբերում է անդամության մյուս պայմաններին, ապա Ադրբեջանը պետք է ապացուցի իր հետևողականությունը ժողովրդավարական բարեփոխումների հարցում:
ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մյուս հարցը Ադրբեջանի պատրաստակամությունն է մասնակցելու Աֆղանստանում քաղաքացիական գործողություններին:
Ներկայումս Աֆղանստանում գտնվում են մինչև հազար վրացի զինծառայողներ, որոնց թիվը շուտով կկրկնապատկվի: Այդ մասին վերջերս հայտարարել է պաշտոնական Թբիլիսին: Իսկ ադրբեջանցի զինծառայողների թիվն Աֆղանստանում հասնում է ընդամենը հարյուր մարդու:
ArmAr.am












