ԼՂՀ Օմբուդսմենի հաստատության միջազգային ճանաչումը
Հունվարի 25-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ հայկական կողմի այն պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին (EOI), չի համապատասխանում իրականությանը։
Ըստ Ադրբեջանի օմբուդսմենի` իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ օմբուդսմանի հաստատության լեգիտիմությունը։
Նշված խնդրի կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պարզաբանում են, որ 2009թ. օգոստոսի 31-ին ԵՕԻ-ի գործադիր մարմնի որոշմամբ` ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհվել է ԵՕԻ-ի լիարժեք (ինստիտուցիոնալ) անդամի կարգավիճակ։
Ըստ ՀՀ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության` 2009թ. հոկտեմբերի 5-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունեցել ԵՕԻ-ի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընտրվել է Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, և այդ ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում եղել է նաև ԼՂՀ Օմբուդսման Յուրի Հայրապետյանը, ով արդեն լինելով այս կազմակերպության լիիրավ անդամ` մասնակցել է կառավարման խորհրդի ընտրություններին։
«Կարծում ենք` ԼՂՀ Օմբուդսմենի հաստատության այս միջազգային ճամաչումը և Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտին անդամագրվելու փաստը ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է և վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից։ Ստեղծված պայմաններում մեզ, հավանաբար, մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղերձին»,- նշվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացված հաղորդագրությունում։
ArmAr.am












