Թուրքական «Հյուրիեթ». Ինչո°ւ է Ռուսաստանն ուզում լուծել Ղարաբաղի հարցը
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հույս նշմարվեց: Այդ հույսը տվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Սոչիում եռակողմ ձևաչափով հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այսպիսի տեսակետ է հայտնել թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը:
«Եթե Սոչիի հանդիպումից «Մադրիդյան փաստաթղթի» թեմայով դրական ազդանշան գա, ապա հայ-թուրքական արձանագրությունների առջև ճամփա կբացվի: Թուրքիան էլ կազատվի Ցեղասպանության բանաձևերի` ապրիլ ամսին ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում նորից օրակարգում հայտնվելու վտանգից»:
Պարբերականը նկատել է տալիս, որ Ռուսաստանը հիմնախնդրի լուծման համար ողջ ուժով գործի է անցել:
«Ինչո°ւ է Ռուսաստանն այսչափ ճնշում գործադրում ղարաբաղյան հարցի լուծման համար»,- հարց է բարձրացնում «Hurriyet»-ը և փորձում գտնել պատասխան:«Նախ Ռուսաստանը ցանկանում է վերահաստատել իր համաշխարհային խաղացող լինելու հանգամանքը: Ահա այդ ճանապարհին էլ պետք է մի հարց, որի լուծման գործում Ռուսաստանը կարող է լինել գլխավոր դերակատար: Ղարաբաղի հարցը հենց այդպիսի պատեհություն է»: Նույն աղբյուրի ընդգծմամբ, եթե Ռուսաստանը լուծի Ղարաբաղի հարցը, դա կնշանակի այսպիսի մի «մեսիջ»` «Իմ թիկունքում խոսքս անցնում է»:
Հարցն ունի նաև իր տնտեսական կողմը: Ռուսաստանը Հայաստանի հետ ունի սերտ տնտեսական կապեր, Հայաստանում` տնտեսական արտոնություններ:
«Այժմ Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմը վերջացնելու և Թուրքիայի հետ սահմանները բացելու դեպքում լիարժեքորեն կինտեգրվի աշխարհին, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը տնտեսական շահավետություն կապահովի»,- գրում է «Hurriet»-ը` հավելելով, Հայաստանի վրայից ադրբեջանաթուրքական մեկուսացումը հանելով` Ռուսաստանը կհեշտացնի իր էներգետիկ քաղաքականությունը: Ադրբեջանի հետ էլ ավելի հանգիստ էներգետիկ համագործակցություն կիրականցնի: Հայաստանը Ռուսաստանի համար կարող է դառնալ էներգետիկ տարանցման գոտի և դա գլխավորապես կսպասարկի Ռուսաստանի տնտեսական հետաքրքրություններին:
ArmAr.am












