ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մանդատները վերահաստատվեցին
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը /հրավիրյալի կարգավիճակով/ և վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված էր նաև Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման վերաբերյալ հարցը: Քննարկման ընթացքում հանձնաժողովն անդրադարձավ ներկայացված առարկություններին, ըստ որոնց` Հայաստանի պատվիրակությունը ձևավորվել է ընթացակարգային խախտումներով:
Քննարկելով խնդիրը և լսելով պատվիրակության անդամների ներկայացրած փաստարկները հանձնաժողովը որոշեց.
1. ԵԽԽՎ կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն` 2010 թվականի հունվարի 25-ին Հայաստանի պատվիրակության դեռևս չհաստատված մանդատները վիճարկվել են կանոնակարգային հիմքերով, պատճառաբանելով, որ Հայաստանի խորհրդարանը «արհեստականորեն շահարկել է /մանիպուլյացիայի է ենթարկել/ ներքին ընթացակարգերը Եվրոպական ժողովրդական կուսակցություն խմբի անդամին պատվիրակության կազմից հանելու համարե:
2. Կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը քննել է ներկայացված տարբեր առարկությունները և որոշել, որ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը նշանակվել է ԵԽ կանոնադրության հոդված 25-ին և ԵԽԽՎ կանոնակարգի հոդված 6-ին համապատասխան:
3. Հետևաբար, հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մանդատները պետք է հաստատվեն:
4. Հանձնաժողովը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմության իրավունքների իրականացման իրավիճակը կարող է դիտարկվել վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի իշխանությունների հետ պարբերական երկխոսության շրջանակներում: Այս կապակցությամբ հանձնաժողովը վկայակոչում է «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների և պարտականությունների մասինե ԵԽԽՎ 1601(2008) բանաձևը:
Հանձնաժողովն ուսումնասիրելով տիկին Փոստանջյանի կողմից ներկայացված գրավոր տեղեկանքը` զեկույցի բացատրական մասում /պարբերություն 18/ արձանագրել է. ՙՀանձնաժողովը գտնում է, որ տիկին Փոստանջյանը չի վկայակոչում օրենքի վրա հիմնված որևէ հստակ հիմնավորում կամ փաստ, որը կհաստատեր իր այն պնդումը, որ պատվիրակությունը ձևավորվել է օրենքի խախտումներով՚:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի կարծիքը ընդունվել է միաձայն:












