«Արցախի համար իր անկախությունն ու անվտանգությունը որևէ սակարկության ենթական չեն»
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Բաբայանը
–Երեկ, հերթական անգամ, Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններ տեղի ունեցան, որին մասնակցում էին Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը, և չէր մասնակցում Արցախը. ինչպե՞ս եք գնահատում երեկվա հանդիպումը, ի՞նչ ակնկալիքներ ունեիք դրանից։
-Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որը կարող է ինչ-որ ձևով նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը։Բայց համոզված ենք, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության հնարավոր չի լինի հասնել նման կարգավորման։ Այնուամենայնիվ, եթե այդ հանդիպումն ինչ-որ ձևով նպաստի տարածաշրջանում կայունության պահպանմանը, ապա մենք ողջունում ենք այն։
–Երեկ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը նշեց, որ Մադրիդյան սկզբունքների պրեամբուլան հնարավորություն է տալիս, որ բանակցություններին մասնակցի նաև Արցախը։ Արցախը պատրա՞ստ է դրան։
-Նախաբանում գրված է, որ իբր ամեն ինչ պետք անել, որպեսզի Ղարաբաղը մասնակցի բանակցություններին։ Բայց իմ կարծիքով, Ադրբեջանը կխոչընդոտի դրան։ Բացի այդ, Ղարաբաղը պետք է մասնակցեր գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած բանակցություններից, փաստաթղթերի մշակումից… Արցախը ներգրավել արդեն իսկ նախանշված ինչ որ պայմանավորվածությունների մեջ, ինձ թվում է՝ ժամանակագրական առումով և տրամաբանորեն, ճիշտ չի լինի։ Մենք այդ բանակցություններին պետք է սկզբից մասնակցեինք ։
–Նախանշված պայմանավորվածություն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունեք, ի՞նչ հարցերի շուրջ է արդեն պայմանավորվածություն ձեռք բերվել, որը նախանշվել է։
– Ինձ թվում է, որ ընդհանուր պայմանավորվածությունը գործընթացը խաղաղ ձևով կարգավորելու մասին է։ Որովհետև դա միակ իրատեսական, շոշափելի ոլորտն է, որից կարելի է հետևություն անել, որովհետև այդ մասին են ասում և համանախագահող երկրները, և կողմերը, իհարկե՝բացառությամբ Ադրբեջանի, որը միշտ ռազմատենչ հայտարարություններ է անում։ Դա իհարկե շատ կարևոր է, բայց միայն դրանով գործընթացը չպետք է սահմանափակվի։
–Երեկվա հանդիպումից հետո հայտարարվեց, որ խնդրի կարգավորման համար փաստաթուղթ է պատրաստվում, որի ներածական մասն արդեն պատրաստ է, և երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, սկզբունքային կետերի շուրջ առաջիկայում պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումները, որոնք կներառվեն այդ փաստաթղթում։ Ձեր կարծիքով, ներածական մասն ի՞նչ կարող է ներառել, ո՞ր հարցերի շուրջ է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որո՞նք են այդ սկզբունքային կետերը։
– Նման փաստաթղթերի ներածական մասում ընդհանրապես ներկայացվում է մի ընդհանուր մոտեցում։ Այսինքն՝ օրինակ. կողմերը պատրաստ են կարգավորելու եղած խնդիրները խաղաղ եղանակով, միջազգային գործող օրենքների հիման վրա, որ ընդունում են Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը և այլն։ Ներածական մասն ամենաընդհանրական, ոչ քաղաքական մասն է։ Սրա շուրջ համաձայնությունն, իհարկե, կարևոր է, բայց դա չի նշանակում, որ ներածությունով խնդիրը կսահմանափակվի։ Ինչ վերաբերում է սկզբունքային հարցերին, ապա հենց սկզբունքային հարցերի շուրջ է ծագել արցախյան հիմնախնդիրը։ Պարզ է, որ Արցախի համար իր անկախությունն ու անվտանգությունը որևէ սակարկության ենթական չեն։ Մենք չենք կարող ընդունել այն հեռանկարը, որ նորից ապրենք Ադրբեջանի կազմում, վերադառնանք 1988թ. իրավիճակին։ Այդ մասին խոսել է և Արցախի նախագահը, Արցախում, համոզված եմ նաև Հայաստանում, այդ կարծիքին են բոլորը։ Ադրբեջանի համար սկզբունքայինն իր տարածքային ամբողջականության պահպանումն է, այդ թվում՝ նաև ԼՂՀ-ն, այսինքն՝ վերադարձ 1988թ. սահմաններին։ Նրանք դա են ուզում և չեն էլ թաքցնում իրենց այդ նպատակը։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին մի քանի սկզբունքային խնդիր կա, որոնց մեջ է հակամարտության բուն էությունը։ Եվ ինձ թվում է, մոտ ապագայում, անհնար է լինելու դրանց շուրջ գալ ինչ-որ մի ընդհանուր հայտարարի։
Ադրբեջանի համար անընդունելի է Արցախի անկախության ճանաչումը՝ մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի ընդունումը։ Սա նաև բացատրվում է նրանով, որ Ադրբեջանում բազմաթիվ ազգային փոքրամասնություններ են ապրում, և Ղարաբաղի ժողովրդի անկախության ճանաչումը շղթայական ռեակցիա կարող է առաջացնել նաև այլ տեղերում։Հետևաբար, Ադրբեջանի վարած քաղաքականությունը, նրա բոլոր քայլերը պետք է ունենան մարտավարական բնույթ, որով նա կփորձի մոլորության մեջ գցել միջազգային հանրությունը, հայկական կողմերին։ Բայց ռազմավարական առումով դա անհնարին է, որովհետև ռազմավարությունը ախտորոշում է։ Պետք է ախտորոշել երևույթի էությունը, որպեսզի կարողանաս դրան հակընդդեմ քայլեր ձեռնարկել։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանը շահագրգռված իր պետության պահպանմամբ։ Պետք է իմանալ, թե ինչպիսի հոգեբանություն է տիրում այնտեղ, որպեսզի հասկանանք ու հստակեցնենք նաև մեր քայլերը։
–Վերջին հանդիպումից առաջ սկսեցին շրջանառել «Մադրիդյան նորացված սկզբունքներ» անվանումը։ Մենք գիտենք Մադրիդյան սկզբունքների այն հինգ կետերը, որոնք հակասում են Արցախի ժողովրդի շահերին։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչի մասին է խոսքը, ի՞նչ է նշանակում նորացված սկզբունք և ինքանո՞վ է այն շահեկան Ղարաբաղի համար։
-Ես ծանոթ չեմ նորացված սկզբունքներին։ Բայց Մադրիդյան սկզբունքներն իրենց սկզբնական ձևաչափով բանակցություններ վարող կողմերից գոնե մեկի համար անընդունելի են։ Հիմա տեսնում ենք, որ սկզբունքները նորացվում են, այսինքն՝ մի նոր տառ է առաջանում, այսինքն՝ ամեն ինչ մի քիչ ուրիշ կերպ կարող է լինել։ Այդ ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հիմնական հարցերի շուրջ չկա պայմանավորվածություն։ Ուստի ինձ համար մի քիչ դժվար է՝ մոտ ապագայում բեկում ակնկալել այս խնդրում, որովհետև իրականությունն այլ է, ցանկությունները՝ այլ։
Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի












