Վրաստանի վարչապետ. «Սահմանի բացումը որևէ ազդեցություն չի ունենա բեռների տեղափոխման և տրանզիտի սակագների վրա»
Այսօր նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ամփոփելով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքները:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Գիլաուրին վստահ է. «Տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունների լուծումը ողջունելի է: Մենք ողջունում ենք հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումը: Դիվերսիֆիկացիան դրական ազդեցություն կունենա բոլոր երկրների վրա, ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի»:
Ռուս–վրացական հարաբերությունների մասին խոսելով` Նիկա Գիլաուրին շեշտեց, որ այդտեղ մեծ է Ռուսաստանի դերը. «Որոշ հարցերում Ռուսաստանը դրել է սահմանափակումներ, իչպես Լարսի անցակետի պարագայում: Լարսի բացումը շահավետ է լիելու Հայաստանի համար, և Ռուսաստանը պետք է վերացնի այդ սահմանափակումները»:
Վարչապետները հայտնեցին նաև, որ երկու կողմերը պայմանվորվածություն են ձեռք բերել 400 կիլովոլտային էլեկտրագծի շինարարության մասին:
Հանձնաժողովի օրակարգում քննարկվել են բազմաթիվ հարցեր` տնտեսական, մշակութային, էներգետիկ, սոցիալական:
Վրաստանի վարչապետը Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեց Վրաստան, որտեղ և անցկացվելու է հայ-վրացական տնտեսական համգործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը:
ArmAr.am












