Կոնստանտին Զատուլին.«Պատերազմը կհարվածի Ադրբեջանի տնտեսությանը»
«Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը Ադրբեջանին տնտեսական մեծ վնաս կհասցնի, կնվազեն միջազգային ներդրումները», -այս մասին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:
«Քանի որ հակամարտության կողմերը տարբեր պատկերացումներ ունեն բանակցությունների վերջնական արդյունքների վերաբերյալ, ինքս, բացի ուժային սցենարից, խնդրի կարգավորման այլ հեռանկար դեռ չեմ տեսնում»,- հակամարտության կարգավորման նման ընթացք է կանխատեսել քաղքագետը:
«Սակայն եթե ադրբեջանական ղեկավարությունը, այնուամենայնիվ, փորձ անի վերականգնել վերահսկողությունը կորուսյալ կամ, ինչպես ինքն է համարում, Հայաստանի կողմից «զավթված» տարածքների վրա, ապա նման գործողության հաջողությունն այնքան էլ ակնհայտ չէ: Դա նվազագույնը կհանգեցնի տնտեսական մեծ հիմնախնդիրների եւ միջազգային ներդրումների նվազման»,- ասել է Զատուլինը:
Այս առումով Զատուլինը դրական է գնահատում բանակցային գործընթացի շարունակականությունը, քանզի այն հույսեր է ներշնչում, որ հնարավոր է գտնել հիմնահարցի խաղաղ լուծումը:
«Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը Բաքվին ու Երեւանին, պարզապես, կթելադրեն վերջնական կարգավորման պայմաններ»,- Զատուլինը չի բացառում, որ կարող է գալ և այդ պահը:
Բայց չէ՞ որ հակամարտության կողմերը կարող են հակադրվել ու մերժել առաջադրվող պահանջները, նկատում է փորձագետն ու հավելում, որ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Եվրամիությունից բացի այս տարածաշրջանում կան պետություններ, որոնք իրենց հերթին կարող են համաձայնել, կամ մերժել նման լուծումները: Զատուլինի ակնարկն ուղղված է Իրանին ու Թուրքիային:
ArmAr.am












