ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հավատարիմ մնալ երեխաներին աջակցելու իր սկզբունքին
120 երեխա սպասարկելու հաշվարկով կառուցված «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզը խորհրդային տարիներին գործել է ամբողջ ներուժով: Շահագործման 40 տարիների ընթացքում, սակայն, այն երբևէ չի հիմնանորոգվել. լուծվել են միայն ընթացիկ խնդիրները, որոնք բավարար չէին կարող լինել շենքի մաշվածությունը նվազագույնի հասցնելու համար: Շենքային վատ պայմանների պատճառով ծնողներից շատերը ստիպված են եղել նախապատվություն տալ ավելի հեռվում գործող բարվոք մեկ այլ մանկապարտեզի: Այսօր այդ խնդիրն այլևս չկա: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շուրջ 50 մլն դրամ օժանդակության շնորհիվ հիմնանորոգված շենքն ունի նաև ջեռուցման լոկալ համակարգ: Գույքի ապահովման պատասխանատվությոնը ստանձնել է Չարենցավանի քաղաքապետարանը:
«Այսօրինակ ծրագրերի մտահղացման առիթը կարող է տարբեր լինել, սակայն նպատակը կոնկրետ է` երեխաների բարօրությունը: Երբ մենք հենց սկզբից ազդարարեցինք, որ բիզնեսին զուգահեռ հոգալու ենք հասարակության մասին, և դա օրինակ է լինելու մյուսների համար, ոմանք թերահավատորեն ընդունեցին: Այսօր, սակայն, կարող են համամիտ լինել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր սխալվել կանխատեսումների հարցում: Օրինակը վարակիչ էր, և նման նախաձեռնությունների թիվը մեծանում է գլորվող ձնագնդի նման: Մենք միայն ուրախ ենք և ողջունում ենք դա` հույս ունենալով ընդօրինակված տեսնել նաև հասարակության խոցելի բոլոր խմբերի նկատմամբ հոգ տանելու պատրաստակամությունը»,- ներկաների ուշադրությունը հրավիրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Չարենցավանում բնակվում է մոտավորապես 30 հազար մարդ: 9 մանկապարտեզից ներկայում գործում է 5-ը: «Հեքիաթ»-ը կարող է սպասարկել 5 հազար բնակիչ ունեցող մեկ թաղամաս: Ակնկալվում է, սակայն, որ ծրագրի արդյունքում ամենալավ պայմաններն ունեցող մանկապարտեզը կարող է ծառայել նաև հարակից թաղամասի բնակիչներին:
Երեխաներին աջակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամության շնորհիվ, այս քաղաքում երկու տարի առաջ բարեկարգված բակային 3 խաղահրապարակներն այսօր պայմաններ են ապահովում աճող սերնդի առողջ ապագայի համար:
ArmAr.am












