Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Քարինտակի հաղթանակը ապացույցն է այն բանի, որ ուժն է ծնում հաղթանակ

Հունվար 26, 2010թ. 20:05

Ինչպես արդեն տեղեկացել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, 1992թ. հունվարի 25-26-ին ադրբեջանական բանակի կանոնավոր ստորաբաժանումները պաշտպանության նախարար` Թ.Մեհդիևի ղեկավարությամբ գրոհում են Քարին Տակ գյուղը:

Դա Ադրբեջանի Հանրապետության   անկախության հռչակումից հետո Բաքվի առաջին խոշոր օպերացան էր, որ  կազմակերպվում էր  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Հայ աշխարհազորականները գլխովին ջախջախում են  Շուշիից գրոհող ադրբեջանական ստորաբաժանումներին: Հետագայում ռազմագետներն այս  հերոսամարտն  անպայման կգնահատեն որպես Արցախյան պատերազմում արմատական շրջադարձի սկիզբ` իր անկախությունը վերագտած ԼՂՀ-ի առաջին ռազմական խոշոր հաղթանակ:

Մարտի դաշտում թողնելով 136 դիակ` հակառակորդը նահանջեց: Նահատակվեց 21 հայորդի, հրամանատարի` Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Վաղարշակ Առուշանյանի հետ: Հերոսամարտ, որով դրվեց Արցախի ամբողջական ազատագրման հիմքը:

Այսօր Քարինտակ գյուղի ազատագրման 18-ամյակն է եւ այն հայորդիների մահվան տարելիցը, ովքեր մարտը սկսել էին հաղթելու վճռականությամբ:   Հերոսներին նորից հիշելու նպատակով այսօր Եռաբլուր էին այցելել նրանց հարազատները, մարտական եւ կուսակցական ընկերները, մարդիկ, ովքեր հավատում էին տղաների հաղթանակին:

Քարինտակի հերոսամարտից մեկ օր հետո տարածվեց ֆիդայական ջոկատները հայկական կամավորական բանակի վերափոխելու մասին լուրը: Հաջորդեցին հաղթանակները` Շուշիում և հայկական մյուս տարածքներում:

Քարինտակը ապացույցն է այն բանի, որ ուժն է  ծնում հաղթանակ. այն ժամանակ հայ նվիրյալ մարտիկներն այդ ուժը դրսևորեցին մարտադաշտում, իսկ այսօր մեր պետական այրերի պարտքն է այն վերջնականապես ամրագրել  քաղաքական հարթության մեջ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն