Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի ժուռնալիստների միության հայտարարությունը

Հունվար 26, 2010թ. 20:44

Ադրբեջանական 1news.az էլեկտրոնային պարբերականը հաղորդագրություն է տարածել, որ Euronews հեռուստաալիքի նկարահանող խումբն այս օրերին նկարահանումներ է կատարում Թարթառի եւ Աղդամի սահմանամերձ շրջաններում:

Տեղեկատվությունն ինքնին հավակնոտ է այն առումով, որ նախ` հիշյալ տարածքը մերձռազմաճակատային է անվանվում, եւ երկրորդ` իբր եվրոպացի լրագրողն այդտեղ է ժամանել ծանոթանալու ադրբեջանցի փախստականների կենսական պայմաններին:

Եթե ադրբեջանական քարոզչամեքենայի ոճական հնարքները մեզ այլեւս չեն զարմացնում, եւ կարելի է անուշադրության մատնել հրադադարի ռեժիմում գտնվող տարածքը «մերձռազմաճակատային» որակելը, ապա առնվազն տարակուսանք է հարուցում այն, որ եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցը կարող է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում առկա վիճակը միակողմանի ներկայացնել:

Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ նկարահանող խումբը կլինի նաեւ սահմանի մյուս կողմում` սահմանամերձ հայկական բնակավայրերին պատերազմի պատճառած հետեւանքների մասին եւս լիարժեք պատկերացում կազմելու համար:

Ցավալի է, որ Euronews-ը տեղի է տվել ադրբեջանական բողոքական զանգվածի ճնշումներին: Հուսով ենք, որ լրատվամիջոցը հիմա էլ կոնֆլիկտն ուրիշ դիտանկյունից չի ներկայացնի:

Չկա այլ ճշմարտություն, քան իրական փաստերն են, իսկ երբ դիտվածքը միայն մեկ անկյունից է` այն չի կարող ճշմարտանման լինել: Եվրոպական հեռուստալսարանին պետք է մատուցել բացառապես անաչառ տեղեկատվություն, այլապես նույն հեռուստադիտողը թյուրիմացության մեջ կհայտնվի:

Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն