Ադրբեջանում ժառանգական իշխանությունն ու դրամաշորթությունը ձեռք ձեռքի տված ամուր կանգուն են
Կոռուպցիան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական
համակարգի բաղկացուցիչ մասն է
Կոլորադոյի համալսարանի Միջազգային ծրագրերի տնօրեն, կոռուպցիայի բնագավառի մասնագետ ամերիկացի Քրիստոֆ Սթիվսը «Հետխորհրդային անցումային ժամանակաշրջանի ըմբռնումը» գրքի հեղինակն է, որտեղ ներկայացված է համակարգային կոռուպցիան և դրա ազդեցությունը նախկին խորհրդային երկրների քաղաքականության ու տնտեսության վրա:
Իր հարցազրույցներից մեկում, խոսելով Ադրբեջանի տնտեսական իրավիճակի և երկրում տիրող կոռուպցիայի մասին, նա ասել է. «Համաշխարհային բանկի գնահատմամբ Ադրբեջանում համեմատաբար հեշտ է բիզնես սկսելը, այդ թվում թույլտվություն և փաստաթղթեր ստանալը: Սակայն խնդիրները ծագում են, երբ սկսում է գործել բիզնեսը: Գործարարները մշտապես բախվում են դրամաշորթության՝ ոստիկանության և հարկային մարմինների կողմից: Այդ պատճառով «Transparency International» կազմակերպությունն Ադրբեջանը դասում է ամենակոռումպացված երկրների շարքին: Սակայն արևմտյան գործարարների վրա ճնշումն ավելի թույլ է, քան տեղացիների և Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչների: Դա բացատրվում է նրանով, որ արևմտյան ընկերությունները չեն կարող բացեիբաց կաշառք տալ, քանի որ նրանց կառավարությունները (առաջին հերթին ԱՄՆ և Մեծ Բրիտանիան) խստորեն հետևում են կոռուպցիայի փաստերին և մշտապես ուժեղացնում են օրենսդրությունն այդ ոլորտում: Իհարկե, Ադրբեջանի իշխանությունները քաջատեղյակ են այս մասին»:
Սթիվսի կարծիքով, իրավիճակը մի փոքր այլ է խոշոր միջազգային էներգետիկ ընկերություններում, որոնք միջին մակարդակում ավելի քիչ են տուժում կոռուպցիայից, քանի որ նրա խոսքերով «այստեղ գործում է, այսպես կոչված, «տանիքը»՝ հանձինս բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր հովանավորում են բազմամիլիոն ներդրումներն Ադրբեջանում:
Խոսելով Ադրբեջանում գոյություն ունեցող կոռուպցիայի կենտրոնացված համակարգի մասին, վերլուծաբանը նշում է. «Բյուրոկրատների մեծ մասը միայն աշխատավարձով չի ապրում. նրանք կաշառք են ստանում: Միևնույն ժամանակ, նրանք հաշվետու չեն այդ հարցերում և չեն վախենում թափանցիկությունից: Ամեն ինչ ծածուկ է արվում, և հնարավոր չէ վերահսկել տարրական դրամային փոխանցումները: Եթե իշխանությունները մտադրված լինեին պայքարելու կոռուպցիայի դեմ, ապա նրանք կփոխեին ստեղծված իրավիճակը: Պետությունը պետք է դառնա ավելի թափանցիկ ու հաշվետու: Ժառանգական իշխանությունն ու դրամաշորթությունը ձեռք ձեռքի տված ամուր կանգուն են: Այդ մեխանիզմից հրաժարվելն ու առավել հաշվետու համակարգի ներդրումը կքայքայի ներկայիս Ադրբեջանի կառավարության իշխանությունը»:
՚Կոռուպցիան, ըստ երևույթին դեռ երկար կմնա որպես Ադրբեջանի քաղաքական և տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասՙ, եզրակացրել է Սթիվսը:
Թարգմ. Ռուզաննա Ավագյանի
ArmAr.am












