Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Դավութօղլուի կրկներգը

Հունվար 27, 2010թ. 14:55

davutoxluԹուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն «NTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիմնականում շեշտադրել է Թուրքիա-Պակիստան-Աֆղանստան եռակողմ հանդիպման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թուրք-իսրայելական ճգնաժամային հարաբերությունների թեմաները:

Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի կայքէջը, Դավութօղլուն ասել է. «Թուրքիայի պատմության ընթացքում ոչ մի անգամ հակասեմիտիզմ չի եղել ու չի լինի: Մենք ոչ մի կերպ չենք հանդուրժի հակասեմիտիզմը, ռասիզմը: Իսրայելին քննադատելը դեռ չի նշանակում հակասեմիտիզմ»:

Հիշեցնենք, որ թուրք արտգործնախարարի այս խոսքերը հնչել են ի պատասխան թուրք-իսրայելական հարաբերությունների վերաբերյալ նախօրեին Իսրայելի արտգործնախարարության պատրաստած զեկույցի, որի համաձայն, Թուրքիայի վարչապետն իր սադրիչ հայտարարություններով հակահրեականություն է հրահրում:

Աֆղանստանի վերաբերյալ Դավութօղլուն նշել է, որ այդ երկիրը Թուրքիայի համար եղբայրական պետություն է, ու Անկարան շահագրգռված է նրա տնտեսական զարգացմամբ ու ներքին կայունության հաստատմամբ:

Անդրադառնալով արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը` Թուրքիայի արտգործնախարարը ասել է արդեն կրկներգ դարձրած այն տեսակետը, ըստ որի, նշված որոշումն իբրև թե պարունակում է արձանագրությունների հիմնարար դրույթներին հակասող տարրեր:

Դավութօղլուն ընդգծել է, որ արձանագրությունների նպատակն է ապահովել երկու հարևան պետությունների միջև մնայուն խաղաղություն, վերջ դնել երկու ժողովուրդների միջև եղած կանխակալ կարծիքներին ու նպաստել տարածաշրջանային կայունությանը: Նրա խոսքով, իրենք ակնկալում են, որ հայկական իշխանությունները հետամուտ կլինեն արձանագրությունների վավերացմանը: Դավութօղլուն նաև նշել է, որ իրենք չեն դանդաղեցնում ու չեն ուշացնում արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

Մինչդեռ հիշեցնենք, որ դրանք դեռևս հոկտեմբեր ամսին են հանձնվել թուրքական մեջլիսի Արտաքին կապերի հանձնաժողովին, որպեսզի վերջինս 45 օրվա ընթացքում կարծիք հայտնի փաստաթղթերի մասին: Անցել է անցել է արդեն 95 օր, բայց չկա ոչ մի տեղաշարժ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն