Սուրեն Մարտիկյան. «Հերոսականությունն առկա է մեր պատմության ողջ ընթացքում»
Շուտով լույս կտեսնի «Մեր հաղթանակները» քառահատորյակի երկրորդ հատորը: Գիրքը հրատարակել է «Նորավանք» հիմանդրամը. Ներկայացվելու են հայ ժողովրդի տարած ավելի քան 1.500 հաղթանակները չորս հատորով: Առաջին հատորն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև երկրորդ դարը, երկրորդը` 4-10-րդ, երրորդը` 11-17-րդ, չորրորդը` 18-20-րդ դարերը:
«Գրքերում չենք կարող անդրադառնալ հայ ժողովրդի տարած բոլոր հաղթանակներին, քանի որ մեր պատմիչների մոտ զավեշտի հասնող նկարագրություններ կան: Օրինակ` գրում են, որ հայերը գնացին, հաղթեցին, վերադարձան, սակայն ռազմական գործողությունները չեն նկարագրում: Իսկ դրա հավաստիությունն ապացուցում են օտար պատմիչները, երբ գրում են, որ իրենք գնացին և հայերին պարտված` վերադարձան: Բայց իրադարձությունները կրկին չեն նկարագրվում: Իսկ մենք ուզում էինք այնպես անել, որ ներկայացվեր ընթացքն ու մեկնաբանվեր, որպեսզի ընթերցողը ճակատամարտի մասին պատկերացում կազմեր, իմանար մարտի դաշտում ինչ էր տեղի ունեցել կամ զորքն ինչպես է ենթարկվել հարձակման, ինչպես է ընթացել մարտը, ինչ խնդիր է լուծվել»,- ասաց «Մեր հաղթանակները» քառահատորյակի հեղինակային խմբի ղեկավար, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ դասախոս, փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանը:
Գրքի հեղինակային խումբը պատերազմի մասին երբեմն պատկերացում կազմելու համար վերլուծել է իրադարձությանը նախորդող և հաջորդող դեպքերը, քանի որ պատմիչները հիմնականում դրանք են մեկնաբանել: Բացի այդ, հեղինակային խումբն օգտվել է նաև օտար աղբյուրներից:
«Հիմնականը հայկական աղբյուրներն են եղել, որպեսզի վերարժևորվի սեփական պատմությունը: Առաջին հատորում ներկայացված է մի հսկայական ժամանակահատված, երբ հայկական աղբյուրների տված տեղեկությունները բավական կցկտուր են, և աղբյուր են հանդիսանում շումերական, աքքադական, խեթական, ասորական, եգիպտական սկզբնաղբյուրները, որտեղ կան բազմաթիվ նկարագրություններ և հաղթանակներ, որոնց հայ պատմիչները չեն անդրադարձել»,- ասաց Սուրեն Մարտիկյանը:
Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հաղթանակների ուսումնասիրման արդյունքում հայ ժողովուրդը «բացահայտի» նոր հերոսների, Սուրեն Մարտիկյանը պատասխանեց.
«Հերոսականությունն առկա է մեր պատմության ողջ ընթացքում: Հնարավոր է անգամ իրադարձությունը լինի հերոսական, բայց հաղթական ավարտ չունենա: Մեր խնդիրը հաղթանակների ուսումնասիրում, գնահատում, վերլուծումն էր: Մենք չենք ցանկացել շեշտել հերոսականը` չնայած հաղթանակն առանց հերոսականի չի լինում, բայց բազմաթիվ են դրվագները, երբ նույնիսկ պարտությամբ ավարտված իրադարձություններն աչքի են ընկնում ակնառու հերոսություններով: Բազմաթիվ նման դրվագներ գիտենք միջնադարյան պատմիչների նկարագրություններից` զարմանալի, ուշագրավ տեսարաններով և ընդօրինակման արժանի»:
«Մեր հաղթանակները» գրքի առաջին հատորը հրատարակվել է 1.500 օրինակով, որն արդեն իսկ սպառվել է, սակայն պահանջարկը չի նվազել: Սուրեն Մարտիկյանը չբացառեց, որ երկրորդ հատորի հրատարակումից հետո հավանական է գրքի վերահրատարակումը, քանի որ բազմաթիվ են պատվերներն անգամ Սփյուռքից: Սակայն գրքի երկրորդ հատորը կրկին կլինի 1.500 օրինակից:
«Մեր հաղթանակները» կընդգրկի նաև խորհրդային ժամանակաշրջանը` Մեծ հայրենական պատերազմով:
«Փոքրաթիվ հայ ժողովուրդը հսկայական մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Հայերի մասնակցության մասին խոսելը միայն չի նշանակում անդրադառնալ տասնյակ գեներալներին, որ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Գերմանիայի բանակներում էին կռվում, խոսքը 600.000 մասնակիցների, 300.000 զոհերի մասին չէ, որը համեմատելի է միայն ԱՄՆ-ի պես գերտերության տված զոհերի թվի հետ: Խոսքը միայն հերոսության մասին չէ: Օրինակ, 76-րդ հայկական դիվիզիայի հարձակումը Ստալինգրադի ճակատամարտում վերածվեց ռազմավարական հարձակման, և հայերին հաջողվեց այն 35 օր պահել` մինչև 21-րդ խորհրդային բանակն ամբողջությամբ լցվեց հայերի գրաված հենադաշտը: Հենց այդտեղից սկսված հարձակումով Ստալինգրադի տակ խորհդային բանակը շրջապատեց գերմանական 330.000-անոց 22-րդ դիվիզիան: Դա խորհրդային բանակի տարած ամենամեծ հաղթանակներից մեկն է: Հայ ժողովուրդը բացասաբար էր ընդունում ֆաշիզմը: Խոսքը 25 տարի առաջ ցեղասպանություն տեսած ժողովրդի մասին էր, որը վերապրելու խնդիր ուներ, որը հազարավոր զավակներ էր ուղարկում ճակատ` ֆիշիզմի կասեցման համար: Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակն, անշուշտ, նաև հայ ժողովրդի հաղթանակն էր»,- ասաց Սուրեն Մարտիկյանը:
«Մեր հաղթանակներում» չէին կարող չանդրադառնալ հայ ժողովրդի տարած խոշորագույն հաղթանակին` Արցախյան ազատամարտին:
«Արցախյան գոյամարտի փաստն անուրանելի է և այն անպայման կընդգրկվի 4-րդ հատորում: Չպետք է մոռանանք, որ մի քանի հայ երիտասարդներ Բեռլինում քոչարի պարեցին ու վերադարձան, և այդ պարը ահռելի նշանակություն ունեցավ, քանի որ վերահաստատեց, որ հայը կարող է հասնել Բեռլին, որի մասին շատերը չէին էլ լսել, և հաղթանակած վերադառնալ հայրենիք: Նաև այս գաղափարախոսությունը հանգեցրեց Արցախյան գոյամարտի հաղթանակին»,- եզրափակեց Սուրեն Մարտիկյանը:
Արմենուհի Կարեյան












