Սեյրան Օհանյան. «Խաղաղության պահպանման լավագույն միջոցը հակառակորդին հզոր ռազմական ուժ հակադրելն է»
18 տարի առաջ ստեղծվեց Հայոց պետականության, խաղաղության և ազատության մեծագույն պաշտպան Հայոց բանակը:
Իր գոյության 18 տարիների ընթացքում մեր բանակի մարտիկները կարողացան ոչ միայն հաղթանակած դուրս գալ պատերազմից, ազատագրել հայրենի հողը, այլև պահպանել ձեռք բերված ազատությունը` թևակոխելով պետականության կայացման նոր փուլ:
Կատակասերներն ասում են, թե մեր բանակն արդեն չափահաս է և շուտով նրան էլ կտանեն բանակ: Իսկ եթե կատակը մի կողմ թողնենք, ապա պետք է արձանագրենք, որ մեր բանակն անցել է կայացման ամենադժվար փուլը և այս տարիներին պատվով է դիմակայել թշնամու դավադիր քայլերին, պահպանել փորձություններով ձեռք բերած մեր հայրենիքի անկախությունը: Իսկ որ առավել կարևոր է, հետայսու էլ մեր մարտիկները կդրսևորեն նույնպիսի քաջություն ու պատվախնդրություն:
Բանակի 18-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ-ում կայացած պարգևատրման արարողության ժամանակ շնորհավորական խոսքով դիմեց ներկաներին. «Երբ ստեղծվում էր պաշտպանական գերատեսչությունը և կազմակերպվում էին բանակային առաջին կանոնավոր ստորաբաժանումները, մեզանից ոչ ոք, անգամ ամենալավատեսները պատկերացնել չէին կարող, որ այսօր կունենան այսպիսի հզոր և մարտունակ բանակային կառույց: Չէին պատկերացնում,քանզի երկու տասնամյակ առաջ պատերազմ էր, ծանր ու դաժան պատերազմ, որով պետք է վճռվեր հայրենի երկրի ճակատագիրը:
Մեր պատմության բոլոր փուլերում հայրենի երկրի ազատության և անկախության հուսալի երաշխիքը եղել և մնում է հայոց բանակը, հայ քաջարի ռազմիկը: Հայոց զինական ուժը պատվով կատարել է իր առաքելությունը` ապահովել հայրենի երկրի ու ժողովրդի անվտանգությունը, միաժամանակ համաշխարհային ռազմարվեստի պատմությունը հարստացնելով բազմաթիվ հերոսական դրվագներով»:
ՊՆ նախարարՍեյրան Օհանյանը շնորհավորանքի խոսքում անդրադարձավ նաև զինվորի պատվին և հայրենիքի պաշտպանության նվիրական գործին. «Պատահական չէ, որ հնագույն ժամանակներից ի վեր զինվորական դասը մեծ կշիռ է ունեցել հայ հասարակության մեջ: Զինվորականի` երկրի պաշտպանի կոչումը եղել է ամենահարգին և պատվաբերը բոլոր խավերի մեջ, հերոս ռազմիկը դասվել է սրբերի շարքը, նրա սխրագործությունը փառաբանվել և ուսանելի դաս է դարձել սերունդների համար: Ապավինելով սեփական բազկի զորությանը` հայ զինվորն իր արյան գնով է վերահաստատել հայ ժողովրդի հարատևման իրավունքը: Այսպես եղել է հազարամյակներ շարունակ, այսպես եղավ նաև արցախյան ազատամարտի ժամանակ»:
Հատկանշական է , որ հայը միշտ պատվով է հիշում իր պապերի տարած փառահեղ հաղթանակները: Այդ հաղթանակների հարգն իմացող մեր բանակի գլխավոր հրամանատարն իր խոսքում սիրով ու հարգանքով վերհիշեց նաև Հայրենական մեծ պատերամում իրենց լուման ներդրած հայորդիներին:
«Հայոց բանակը հաստատակամորեն առաջ է ընթանում հզորացման, կատարելագորման ճանապարհով, ունի միջազգային բարձր հեղինակություն և տարածաշրջանում իրավամբ համարվում է ամենամարտունակներից մեկը:Մենք հաղթանակած բանակ ենք, խաղաղության կողմնակիցներ և այսօր հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հաճախակի հնչող ռազմաշունչ հայտարարությունները մեզ ոչ թե սարսափ են ներշնչում, այլ զգոնության և հզորացման են կոչում: Քանզի խաղաղության պահպանման լավագույն միջոցը հակառակորդին հզոր ռազմական ուժ հակադրելն է»
Վերջում Սեյրան Օհանյանը զորակիցներին կոչ արեց 19-րդ բանակային տարին սկսել պարտավորվածության և պատասխանատվության խորը զգացումով` հստակ գիտակցելով, որ հարկ է ոչ միայն փայփայել ու պահպանել մեր ձեռքերով և համազգային, համապետական օժանդակությամբ կայացած կառույցը, այլև անընդմեջ կատարելագործել այն, միշտ պահել այն բարձության վրա, որ ի զորու լինենք դիմագրավել բոլոր փորձություններին` դրանով պահպանելով մեր անկախ երկրի անվտանգությունը:
Արմենուհի Կարեյան












