Վարչապետն ու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը կարևորել են էներգետիկ ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի արտգործնախարարի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման համար։
Պարոն Մոթթաքին վարչապետին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմի ողջույնները եւ Իրան այցելելու հրավերը: «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների հարաբերություններում եւ հույս ունենք` այցելությունը նոր թափ կհաղորդի այդ հարաբերություններին», ասել է Մանուչեհր Մոթթաքին:
Երկուստեք կարեւորվել են էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի եւ նավթամթերքների խողովակաշարի կառուցումը: Տիգրան Սարգսյանը նշել է. «Երկաթգծի կառուցումը մեր առաջնահերթություններից է: Երկու երկրների նախագահների միջեւ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններ կան: Այս ծրագիրն ունի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական լուրջ նշանակություն»:
Պարոն Մոթթաքին ընդգծել է, որ երկու երկրների նախագահների միջեւ մինչ այժմ կայացած հանդիպումները մեծ դեր են խաղացել երկկողմ նոր հարաբերությունների ձեւավորման հարցում:
Փոխադարձաբար կարեւորվել է առեւտրային կազմակերպությունների եւ պետական ու մասնավոր հատվածի կազմակերպությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը, տարբեր համաժողովների, բիզնես-ֆորումների եւ նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը:
Ընդգծվել է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման կարեւորությունը, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Վարչապետն առաջարկել է նաեւ ընդլայնել համագործացության ոլորտները, հեռանկարային համարել գյուղատնտեսության բնագավառը: Կողմերն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալներին եւ այդ առումով կարեւորել մաքսազերծման գործընթացների պարզեցումը:
Նշվել է, որ ծրագրերից ու նախագծերից շատերը գտնվում են Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգում, որն այսօր մեկնարկել է Երեւանում:
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին եւ շնորհակալություն հայտնել հրավերի համար: Վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել իրանական կողմին 2008թ. ամռանը Հայաստանի ցամաքային հաղորդակցության խաթարման ժամանակ մեր երկրին ցուցաբերած համակողմանի օժանդակության համար:
ArmAr.am












