Երեխաները ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին նվիրեցին իրենց ձեռագործ աշխատանքները
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել է կազմակերպության գործունեությամբ հետաքրքրված հերթական` այս անգամ «SOS» մանկական գյուղի երեխաների խումբը:
Այն, որ կյանքում հաջողելու գաղտնիքը, մասամբ, պայմանավորված է նպատակի նկատմամբ ունեցած հավատով` նորություն չէ ճակատագրի բերումով «SOS» մանկական գյուղում հայտնվածների համար: Հարգանքի, հավատի ու արժեքային կայուն համակարգի վրա հիմնված ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությունը, սակայն, նրանց համար խոսքի ու գործի փայլուն օրինակ է դարձել:
Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ռազմավարությանը ԶԼՄ-ների միջոցով հետևող երեխաները հնարավորություն ունեցան դրական կարծիքը համոզմունքի վերածել հենց ընկերության ներսում: Նրանք միաժամանակ գնահատեցին հաճախ բարձրաձայնվող կառավարման քաղաքակիրթ մոդելի կարևորությունը:
Ինչպե՞ս է ՎիվաՍել-ՄՏՍ-ը կիրառում կառավարման այդ մոդելը և որքանո՞վ է հաջողում հնարավոր բարդությունները հաղթահարելու հարցում: Այս և այլ հարցերի մեկնաբանություններ աշակերտները լսեցին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից:
«Մեր ընկերությունում միմյանց և բաժանորդների նկատմամբ վերաբերմունքը հիմնված է հարգանքի վրա: Դա է մեր հաջողության գաղտնիքը. և այն մեծ ջանքեր չի պահանջում: Պարզապես, պետք է ընկալել և ընդունել, որ կառավարման այս մոդելը թելադրում է նոր մոտեցումներ: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր համար ամրագրի դրանք և կիրառի կյանքում` վստահ եղեք, որ հաջողությունը կթակի դուռը»,-ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բջջային կապի ստեղծման պատմությունից մինչև մերօրյա իրականություն և նորարարություններ` առավել մատչելի ներկայացվեցին հյուրերին: Նրանք առավել մանրամասն ծանոթացան տեսազանգի, բջջային հեռուստատեսության և հայաստանյան շուկայում այլ նորարարական ծառայությունների ընձեռած առավելություններին:
Հանդիպման ավարտին «SOS» մանկական գյուղի երեխաները ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին նվիրեցին իրենց ձեռագործ աշխատանքները:












