Մեր բանակն այսօր 18 տարեկան է
Բանակ, որ ծնվեց պատերազմի տարիներին, անցավ պատերազմի բովով, ամրացավ ու ամրապնդվեց։ Այսօր հայոց բանակի շարքերում նրանք են, ովքեր ծնվել են հայոց բանակի հետ միասին։
Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) Հայոց բանակի 18-ամյակի կապակցությամբ շնորհավորել է հայ զինվորներին:
Առաջին հերթին ձեզ առողջություն եմ մաղթում։ Ուզում եմ, որ դուք ավելի կոփված ու ամուր լինեք, ավելի շատ զբաղվեք ֆիզկուլտուրայով, քիչ ծխեք կամ գիտակցեք ու թողնեք ծխելը։
Այսօր մեր բանակը բավական գրագետ՝ բարձրագույն զինվորական կրթությամբ սպայակազմ ունի, ովքեր ոչ միայն ռազմական, այլև մանկավարժական գործունեության մեծ փորձ ունեն։ Նրանք են ուսուցանում այսօր հայ զինվորին, հայ զինվորի մեջ սերմանում այն համոզմունքը, որ մեր զինվորը կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրը, այսինքն՝ պաշտպանել մեր հայրենիքը։ Շատ կարևոր է, որ մեր սպայակազմը զինվորին վերաբերվի որպես իր կրտսեր եղբոր, որ նրանց նկատմամբ լինի հոր պես համբերատար ու հոգատար։
Սիրելի զինվորներ, հայոց բանակի զինծառայողներ, Ղարաբաղի ու Հայաստանի զինված ուժերը մի բռունցք են, միասնական մի բանակ, որի հիմքում այն ոգին է, ռազմական այն հաջողությունները, այն հաղթանակները որ 18 տարիների ընթացքում հզորացրել ու ամրապնդել են մեր բանակը։ Դա այն վստահությունն է, այն առավելությունը, որ միշտ եղել է ու կա մեր թշնամու նկատմամբ։
Ես ուզում եմ, որ դուք առողջ ու հոգով ուժեղ լինեք։ Եթե հայ զինվորն ու սպան հոգով ուժեղ լինեն, ինչպիսին կան այսօր, մենք պատրաստ կլինենք պատերազմի։ Մենք պետք է պատրաստվենք պատերազմի, որպեսզի չլինի պատերազմ, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, որպեսզի խաղաղություն ապահովենք մեր երկրում։
Շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի 18-ամյակի կապակցությամբ։












