Եվրախորհրդարանն առաջարկում է վայրկյան առաջ Կիպրոսից դուրս բերել թուրքական զինուժը
Հոլանդացի քրիստոնեադեմոկորատ Ռիա Օմեն-Ռուժթենի որոշման նախագիծը, որ կազմվել է Թուրքիայի մասին իր կազմած զեկույցի հիման վրա, 11 ձեռնպահ և 60 կողմ քվեարկության արդյունքներով ընդունվել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:
Թուրքական մամուլի գնահատմամբ` որոշման այդ նախագիծը բնավ թուրքանպաստ չէ և ծառայում է հունական կողմի օգտին: Մասնավորապես, թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` այդ նախագիծը փետրվարի 11-ին կհանձնվի Եվրախորհրդարանի Գլխավոր խորհրդի քննարկմանը: Այդ նախագծով առաջարկվում է` մինչ կավարտվեն Կիպրոսի հիմնախնդրի խաղաղ բանակցությունները, Մարաշը բացել կիպրացի հույների առաջ:
Եվրախորհրդարանն առաջարկել է նաև կղզուց վայրկյան առաջ դուրս բերել թուրքական զինուժը: Պահանջվել է նաև լուծել Գյոքչեադայի և Բոզջաադայի հույն բնակչության նյութական կարիքներն ու չոտնահարել հույների կրթական իրավունքները:
Հիշեցնենք, որ Կիպրոսը երրորդ ամենամեծ կղզին է Միջերկրականում: Թուրքական 43 հազարանոց բանակը 1974 թվականի հուլիսի 20-ին բռնազավթում է Կիպրոսի հյուսիսային հատվածը: Դրա հետևանքով 200.000 հույն-կիպրացիներ վտարվում են իրենց տներից: Կատարվածը 20-րդ դարի ողբերգություններից մեկն էր:
Դրանից հետո թուրքերն այդ օրը նշում են որպես տոն, հույներն անվանում` «սև տարելից»:
1983 թվականին կղզու 40 տոկոսը զավթած թուրքերը հռչակում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որն առ այսօր ճանաչված է միայն Անկարայի կողմից:
ArmAr.am












