«Մենք զոհ չենք, մենք այն ազգն ենք, որը պատմական իրավունք ունի իր տարածքների նկատմամբ»
Մեր զրուցակիցն է գեներալ մայոր, Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը (Կոմանդոսը)
-Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի մարտունակությունը, մենք պատրա՞ստ ենք այսօր պատերազմի։
– Եթե համադրենք զինվորական վերլուծաբանների կանխատեսումները, ապա Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում սկզբնական շրջանում հաջողությունը կլինի Ադրբեջանի կողմում, բայց հետո, ինչպես լինում է ցանկացած զավթիչ-ագրեսորի պարագայում, որը ոտնձգություն է կատարում այն տարածքի նկատմամբ, որտեղ բնիկ ժողովուրդ է ապրում, կարճ ժամանակ անց հաջողությունը մեր կողմը կանցնի, մեզ կհաջողվի ոչ միայն թշնամուն հետ շպրտել մեր տարածքներից, այլև մխրճվել նրանց տարածքներ։ Սրանք սոսկ կանխատեսումներ չեն, սա ռազմական գիտություն է, և նման կանխատեսումների համար հիմք են հանդիսանում, հաշվի են առնվում բազմաթիվ նախապայմաններ։ Երբ համադրում ենք մեր ու թշնամու ուժերն ու հնարավորությունները, ուսումնասիրում ենք ռազմական վերլուծաբանների տեսակետները, որտեղ մատնանշվում են նաև մեր թերությունները, այդ ամենի հիման վրա պարզորոշ է, որ Ղարաբաղի պաշտպանական գծի, կամ ինչպես այն կոչվում է՝ Օհանյանի պաշտպանության գծի երկայնքով, մեր անվտանգությունն ապահովված է։
-Ադրբեջանի նախագահը, պաշտպանության, ԱԳ նախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վերջերս անընդմեջ ընդգծում են, որ եթե խաղաղ ճանապարհով Ղարաբաղը հետ չստանան, ապա Ադրբեջանը կդիմի ռազմական գործողությունների, ինչքանո՞վ եք հավանական համարում, որ հիմա կամ մոտ ապագայում պատերազմ կսկսվի։
–Առաջին տարին չէ, որ նրանք նման հայտարարություններ են անում։ Հատկանշական է մի փաստ. 1919թ.հոկտեմբերին ստորագրվել է թուրք-ադրբեջանական պայմանագիր, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի հետ համաձայնեցնելու, չի կարող որևէ ռազմական գործողություն իրականացնել։
Եթե պատերազմ սկսվի, այն առաջին հերթին կվնասի ոչ թե Հայաստանին ու Ադրբեջանին, այլ միջազգային հանրությանը, որը տասնյակ միլիարդներ է ներդրել Ադրբեջանում, որպեսզի նավթ հանի։ Եվ պատկերացրեք՝ պատերազմ, և նավթամուղը պետք է աշխատի պատերազմող երկրում։ Նման բան չի կարող լինել։ Կան թույլ կետեր, որոնց հիման վրա Ադրբեջանին այնպիսի հարված կտրվի, որ Ադրբեջանը չի կարողանա իրեն պաշտպանել։ Ոստի, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը մոտակա ժամանակներում ռազմական գործողություններ սկսի. դա նրան առաջին հերթին թույլ չի տա Թուրքիան։
-Ինչպե՞ս եք գնահատում հայ -թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, իհարկե՝ նկատի ունենալով նաև Ղարաբաղի հետ կապված` թուրքերի հայտարարությունները։
–Թուրքիան մեզ հարևան երկիր է, նրանց հետ պետք է բանակցություններ վարել։ Բայց Թուրքիայի հետ պետք է սովորել բանակցություններ վարել։ Թուրքական դիվանագիտությունից մենք շատ բան ունենք սովորելու, դրա հիմքում «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» կարգախոսն է։ Նրանք միջազգային բոլոր օրենքները հարմարեցնում են իրենց, և այն, ինչն իրենց օգտին չէ, գլխիվայր շրջում են։ Պետք է անընդհատ հիշել թե ում հետ մենք գործ ունենք. մենք գործ ունենք մի երկրի հետ, որը բազմիցս ցեղասպանություն է իրականացրել։ Փակ վարագույրը, իհարկե, խանգարում է երկու երկրներին էլ։ Մեր շփումները նրանց հետ օգտակար են նաև մեր դիվանագետներին, ովքեր շատ բան կարող են սովորել թուրքական դիվանագիտությունից։ Մենք հիմա ենք տեսնում ու հասկանում, որ մեր դիվանագետներն այնպես չեն աշխատում, ինչպես որ պետք է, որ նրանք շատ հաճախ ուղղակի պղպջակներ են բաց թողնում։ Նրանք երբեմն փորձում են հարցերն այնպես լուծել, որ հակասում է մեր ազգային շահերին։
Ճշմարտությունն աշխարհին ցույց տալու ճանապարհին մենք շատ պասիվ ենք։ Ադբեջանական զանգվածային տեղեկատվության միջոցները շատ ակտիվ են գործում, բայց այդ ակտիվության հետ նրանց արդյունք է բերում նաև մեր պասիվությունը։ Տեղեկատվություն տարածելը շատ կարևոր է՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար այն, ինչ ուզում ես, որ երևա։
Թուրքիան երբեք ցույց չի տալիս, թե ինչ նպատակներ ունի, նրանք ասում են մի բան, բայց դրա տակ՝ մտքում, ևս հինգ կետ ի նկատի ունեն։ Նրանք մեկ հարվածով հօգուտ իրենց հինգ նապաստակ են ուզում խփել։ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար նույնիսկ եղած սահմանն են ուզում հաստատել, Ղարաբաղի խնդիրն են ուզում լուծել հօգուտ իրենց, ցեղասպանության հարցը լռեցնել։ Իհարկե, դա նրանց չի հաջողվի։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացրել է, ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտպանել է այդ որոշումը։ Նրանք հերթական անգամ վայնասուն են բարձրացրել…
Այս ամենի հետ միասին, այնուամենայնիվ, այս փուլում ես դեմ եմ նրանց հետ որևէ խաղաղ պայմանագրի ստորագրմանը և սահմանի բացմանը, քանի որ այսօր մենք պատրաստ չենք նրանց հետ հավասար դիրքերում լինել։
Ապագայում Թուրքիան՝ արհեստականորեն ստեղծված այդ կայսրությունը, որը շատ երկար է գոյատևում, կթուլանա և ի վերջո կփլուզվի։ Կայսրությունները մի քանի դար են գոյություն ունենում, դրանք աստիճանաբար քայքայվում, փոքրանում, թուլանում են։ Իհարկե ԽՍՀՄ-ի հաշվին Թուրքիան հզորացավ, բայց հեռու չէ նաև հակադարձ ընթացքի օրը։
-Ռուս վերլուծաբաններն ու քաղաքագետներից շատերն այն տեսակետն են արտահայտում, որ Ռուսաստանին ձեռնտու է պատերազմը՝ Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար։ Ձեր կարծիքով դա այդպե՞ս է։
– Ռուսաստանն ունի իր հետաքրքրությունները և ասել, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի շահերը, ճիշտ չէ։ Բնական է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի իր շահերը։ Եթե նրա շահերը համընկնում են Հայաստանի շահերին, ապա կպաշտպանի Հայաստանին։ Սակայն Ռուսաստանն այսօր շատ է հետաքրքրված Ադրբեջանով և առաջին հերթին՝ ռազմական տեսակետից, որի մասին մեր լրատվամիջոցները համարյա չեն խոսում. խոսքը Գոբալինյան ռադիոլոկացիոն կայանների մասին է, որոնց շահագործումը շատ թանկ է նստում Ռուսաստանի վրա։ Բացի այդ, նրանք հետաքրքված են նաև Ադրբեջանի տարածքում գտնվող ռազմական օդանավակայաններով։ Իհարկե, Հայաստանն էլ նրանց համար ռազմավարական շատ կարևոր գործընկեր է, նրանք այդ մասին ասում են, և դա մենք էլ գիտենք, բայց տնտեսական առումով՝ այսօր Ռուսաստանի համար ավելի շահավետ է Ադրբեջանը, որովհետև Հայաստանը չունի այն, ինչ ունի Ադրբեջանը, Հայաստանը չունի նավթ։
Այս փուլում Ռուսաստանին առավելապես ձեռնտու է չեզոք լինել և երկու պետություններն իրար մոտեցնելու որոշ քայլեր ձեռնարկել։
-Պատերազմը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին։
-Պատերազմը ձեռնտու է բոլորին։ Պատերազմը բիզնեսի մի ձև է, այն ձեռնտու է նույնիսկ պատերազմող կողմերին։ Պատերազմը ձեռնտու չէ միայն մարտի դաշտում կռվողին։
–Եթե այնուամենայնիվ պատերազմ լինի, Ռուսաստանը, ըստ Մոսկվայի
պայմանագրի, պետք է դաշնակից լինի Հայաստանի՞ն, թե…
-Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պարզորոշ նախանշված է, որ եթե որևէ մեկը հարձակվի Հայաստանի այն տարածքների, որոնք միջազգայնորեն ճանաչված են, այսինքն՝ առանց Ղարաբաղի և ազատագրված տարածքների, ապա նրանք պարտավոր են օգնել Հայաստանին։ Այս կերպ մենք ապահովել ենք մեր անվտանգությունը ոչ միայն Ադրբեջանի,այլև Թուրքիայի կողմից։
-Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանական բանակի մարտական հզորությունը։ Նրանք անընդմեջ ընդգծում են իրենց առավելությունները, բայց մի բան փաստ է, որ ադրբեջանական զինվորը, ադրբեջանական բանակը բարոյալքված է։
-Ինչում է մեր ու Ադրբեջանի բանակների տարբերությունը։ Մեր բանակը ծնվել է այն ծանր ժամանակերում, որի հիմքում կանգնեցին այն մարտիկները, ովքեր զենք վերցրին հայրենիքի պաշտպանության համար։ Մեզ ուզում էին ճնշել, վերացնել, զավթել մեր տարածքները … այս պայմաններում ծնվեց մեր բանակը։ Եվ պաշտպանելով մեզ` մենք, առանց որևէ մեկի օգնության ու աջակցության, կարողացանք բանակ ստեղծել։ Մեր թիկունքում չկար Թուրքիան, որը կար Ադրբեջանի թիկունքում։ Մեզ համար չկար մի երկիր, որը իմանալով, որ Հայաստանը դժվարության մեջ է, մեզ օգներ։ Մեր օգնությունը աշխարհասփյուռ հայության միավորումն էր. նրանք օգնեցին, գումար հայթայթվեց, մենք կարողացանք զենք գնել և… մենք պաշտպանում էինք մեր հողը։ Եվ մենք հասանք նրան, ինչն ունենք հիմա. մենք ունենք ժամանակակից այնպիսի զենք ու զինամթերք, որ ունեն ժամանակակից բոլոր բանակները։
Ադրբեջանական բանակը միշտ հրաշալի պայմաններում է եղել։ Նրանք կռվում էին սովետական բանակի պաշտպանության ներքո և կռվում էին նրանց օգնությամբ. «Կոլցո» օրերացիան դրա ապացույցն էր։ Այդ պայմաններում ծնվեց նրանց բանակը, և թվում էր, որ այն հզոր կլինի, բայց հզոր բանակ չստացվեց. Միայն այն, որ նրանք երեք անգամ փոխեցին իրենց բանակի օրը, արդեն իսկ շատ բան է ասում։
Ադրբեջանում փորձում են ամեն կերպ իրենց ներկայացնել որպես միասնական ազգ, բայց դա այդպես չէ, այնտեղ մեկ տասնյակից ավելի ազգություններ են ապրում, որոնք ոչ կրոնական, ոչ մշակութային միասնություն չունեն նրանց հետ։ Ինչո՞ւ է ադրբեջանական բանակը բարոյալքված։ Զինվորը, որպեսզի կատարի առաջադրանքը, պետք է ձգտում ունենա. ի՞նչ ձգտում կարող են ունենալ Ադրբեջանի բանակում ծառայող թալիշները, ավարները, ազգային մյուս փոքրամասնություները, ինչո՞ւ պետք է նրանք կռվեն մի երկրի համար, որը ճնշում է իրենց, անտեսում իրենց իրավունքները։ Վերջերս կարդացի, որ Ադրբեջանում թալիշներից առգրավել են այն գրականությունը, որտեղ գրված է թալիշ ազգի մասին։ Սարսափելի իրավիճակ է. բարձրանում է այդ ժողովրդի ինքնագիտակցությունը, որը զուգակցվում է ձերբակալություններով։
Այսինքն՝ Ադրբեջանի կազմում ապրում են այդ տարածքի բնիկ ժողովուրդներ, ովքեր գիտեն, թե ովքեր են իրենք, ունեն իրենց արմատները, իրենց կրոնը, իրենց մշակույթը, բայց նրանց ոչնչացնում ու ճնշում են՝ ասելով, որ մենք միասնական ադրբեջանական ժողովուրդ ենք։ Վերջին 20 տարիների ընթացքում նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում, որոշակի դեմոկրատական փոփոխություններ տեղի ունեցան, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանում։ Այնտեղ ինչպես կար, այնպես էլ մնաց Ալիևյան կլանը, որը մինչև օրս գլխավորում է նավթային բիզնեսը։ Ադրբեջանցի ժողովուրդը տեսնում է այս ամենը, նրանք փորձում են փախչել այդ երկրից։ Տոտալիտար ռեժիմում, որտեղ չկա օրենքի գերակայություն, բնական է որ բարոյալքված կլինի նաև բանակը, բնական է, որ այդ բանակի զինվորը չի կռվի այդ երկրի համար։
– Մենք հաղթեցինք պատերազմում, սակայն այսօր մեր իշխանությունների, դիվանագետների գործողություններում երբեմն պասիվ դիրքորոշում ենք նկատում. ինչո՞ւ են այդքան զիջողական, հաղթանակ տարած երկիրն այդ դիրքերի՞ց պետք է հանդես գա։
-Խնդիրն այն է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում, բայց պարտվել ենք դիվանագիտական պատերազմում։ Մեր դիվանագիտությունը բազմաթիվ սխալներ թույլ տվեց, ու ցավալին այն է, որ այդ սխալներից դասեր չեն քաղում, այդ սխալների վրա չեն փորձում սովորել։
Մենք թույլ ենք տալիս, որ նրանք կեղծեն պատմությունը։ Նրանք կարողացան հասնել այն բանին, որ Խոջալուում կատարվածը ընդունվի որպես ցեղասպանություն։ Մերոնք չեն ուզում նույնն անել Սումգայիթի ու Բաքվի պարագայում։ Հիմա նրանք արդեն այնտեղ շոու են կազմակերպել, թե Բաքվում ադրբեջանցիներ են կոտորվել։ Այո, այնտեղ ադրբեջանցիներ էլ են զոհվել, նրանք անմեղ մարդիկ էին։ Բայց ով էր այդ ամենը կազմակերպել, իհարկե, իրենց պաշտելի, խորամանկ աղվես հայր Ալիևը, ում հիմա հուշարձաններ են կառուցում, դիֆերամբներ երգում… և այդ կլանը դեռևս իշխանություն է։
-Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ որոշ գերատեսչություններում Հայաստանի քարտեզը ներկայացված է առանց ազատագրված տարածքների։
-Երբ Անդրանիկ Մարգարյանն էր վարչապետ, բոլոր տեղերում ամփոփ քարտեզն էր՝ մեր ազատագրած բոլոր տարածքներով։ Նրա մահից հետո քարտեզը փոխվեց, հայտնվեցին Հայաստանն ու Ղարաբաղը, որոնց միջև չկա կապ։ Քաղաքականությունն այսօր այդպիսին է, այսինքն՝ քաղաքական գործիչներն այդպես են տեսնում Հայաստանը, նրանց կարծիքով, այդպես պետք է լինի։
Ադրբեջանը բանակցություններն ուղղորդում է այնպես, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, հետո հանրաքվե կանցկացնեն, դրանով էլ կորոշվի Արցախի ճակատագիրը։ Իհարկե, պարզ չէ, թե մինչ այդ այնտեղ հայ կմնա՞։ Սրան են միտված բանակցությունները. բնականաբար, այդպես չի կարող լինել։ Իսկ ինչո՞ւ Թուրքիան կարող է հիմնավորել Կարսի անօրինաբար միավորումը և պաշտպանել այն, իսկ մենք Ղարաբաղի օրինական ցանկությունը՝ ոչ։ Այսօր ամբողջ աշխարհում ազգային ինքնագիտակցության բարձրացում է տեղի ունենում։ Անգամ ՄԱԿ-ում ազգային փոքրամասնությունների մասին բանաձև ընդունվեց։ Միջազգային հանրությանը պետք է կարողանանք խնդիրը ներկայացնել ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված` ազգային փոքրամասնությունների ազգային շահերի պաշտպանության, ազգերի ինքնորոշման իրավունքի տեսանկյունով։ Մենք չենք կարողանում մեր հետաքրքրությունները, մեր շահերի պաշտպանությունը բարձրացնել միջազգային մակարդակի վրա։ Մեզ ինչպես մեր բանակն է, պետք է մարտնչող դիվանագիտություն։ Այս պասիվությամբ մենք կորուստներ ենք տալիս։ Դիվանագետներն իրենց այնպես են պահում, կարծես թե ինչ-որ բարի գործ են մեզ համար անում, որ իրենք ջանում են։ Եթե նրանք այդպես շարունակեն աշխատել, սերունդների կողմից անիծյալ կլինեն։ Նրանք պետք է պարտվողական վիճակից վերադառնան իրականություն, իսկ իրականությունը հաղթական է։
Առաջին քայլն արված է, բանակցությունները Թուրքիայի հետ սկսված են։ Հետագայում պետք է Թուրքիային ցույց տալ, թե ովքեր ենք մենք և ինչ պահանջներ ունենք։ Մենք զոհ չենք, մենք այն ազգն ենք, որը պատմական իրավունք ունի իր տարածքների նկատմամբ, տարածքներ, որոնք անօրինաբար վերցրել են ոչ թե պատերազմով, այլ դիվանագիտությամբ։ Համբերատարությամբ ու ճկուն դիվանագիտությամբ մենք կարող ենք հետ ստանալ մեր ունեցածը։ Թուրքիան մի քանի շատ մեծ խնդիրներ ունի, որոնք առաջիկայում կթուլացնեն ու կքանդեն այդ երկիրը. քրդական խնդիրն է դա, բացի այդ, այնտեղ ազգային փոքրամասնությունների ու կրոնական հողի վրա բազմաթիվ այլ խնդիրներ գոյություն ունեն, որոնք ի վերջո կհանգեցնեն Թուրքիայի փլուզմանը։ Նույնը Ադրբեջանի պարագայում է. ԱՄՆ ԿՀՎ-ի ուսումնասիրությունների վրա արված եզրահանգմամբ, առաջիկա 10 տարում այդ երկրի ներսում մեծ խնդիրներ կառաջանան։ Այնպես որ ժամանակն աշխատում է մեր օգտին։
Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի












