ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլու հետ
Հունվարի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլու հետ:
Հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց Մովլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը` պարոն Աբրահամյանը կոչ արեց նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ եւ հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում:
Հեռախոսազրույցի ընթացքում Մ. Չավուշօղլին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին տեղեկացրեց, որ ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի արել: Մ.Չավուշօղլին հավաստիացրեց, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության եւ ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետեւանք են:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաեւ տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ: Զրուցակիցները նաեւ քննարկեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահի` Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը:
ArmAm.am












