Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնախնդիրները
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Լոնդոնում մասնակցում է Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, հունվարի 28-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:
Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական գործընկերության, բարձր մակարդակի պարբերական շփումների առնչությամբ:
ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ջանքերին: Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին` ստորագրված արձանագրությունների շուտափույթ վավերացմանը եւ իրագործմանը:
Նախարար Նալբանդյանն իր հերթին նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Սահմանադրությանը արձանագրությունների համապատասխանելիության մասին եւս մեկ ապացույց է, որ Հայաստանը հետամուտ է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը: Նա հավելել է, որ Հայաստանը նույն մոտեցումն ակնկալում է Թուրքիայից:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը եւ իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Նալբանդյանն ու Քլինթոնը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
ArmAr.am












