Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այց կատարեց Նորվեգիա

Հունվար 29, 2010թ. 13:00

Minister Nalbandian meets Norvegian FM a 29.01.10Հունվարի 29-ին պաշտոնական կարճատեւ այցով Օսլոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գահր Շտյորեի հետ:

Առանձնազրույցի, ապա աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Նախարարներն ընդգծեցին Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, մասնավորապես բարձրաստիճան այցերի կազմակերպումը, երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, մշակութային, կրթական եւ գիտական ոլորտներում փոխանակումների ակտիվացումը:

Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցությունը աշխուժացնելու հնարավորությունը եւ պայմանավորվեցին հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Նախարար Շտյորեն ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություները, սկանդինավյան երկրների համագործակցության փորձը, նշելով, որ այն կարող է կիրառվել նաեւ այլ տարածաշրջանների համար: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընգծեց, որ ածխաջրածնային պաշարներով աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող եւ աշխարհի ամենախաղաղ երկիրը համարվող Նորվեգիայի քաղաքականությունը եւ միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործունեությունը կարող են օրինակելի լինել նման պաշարներ ունեցող այլ երկրների համար:

Հայաստանի արտգործնախարարը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Եվրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ՀՀ Նախագահի նախաձեռնությունը եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Նախարարներ Նալբանդյանն ու Շտյորեն անդրադարձան նաեւ ԵԱՀԿ օրակարգային հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Յոնաս Գահր Շտյորեն ստորագրեցին Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:

Հանդիպման արդյունքներով ընդունվեց մամուլի համատեղ հայտարարություն:

Նույն օրը ՀՀ արտգործնախարարը հյուրըկալվեց Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, որին ներկա էին Օսլոյում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ: Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանների հարցերին:

Օսլոյում Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի տանը տեղակայված Նանսենի ինստիտուտ, ուր ծանոթացավ նրա աշխատանքներին, հանդիպում ունեցավ ինստիտուտի ղեկավարության հետ: Վերջինս ներկայացրեց Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի միջացառումների նախապատրաստական աշխատանքները: Նախարար Նալբանդյանն առաջարկեց ինստիտուտին Նանսենի հոբելյանին նվիրված համատեղ միջոցառումներ կազմակերպել Հայաստանում: Նախարարը ծաղկեպսակ դրեց Նանսենի շիրմաքարին եւ գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

Հայաստանի արտգործնախարարի Օսլո այցի ծրագիրը ներառում էր նաեւ տնտեսական բաղադրիչ` հունվարի 29-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նորվեգացի գործարարների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանում նոր տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նախարար Նալբանդյանը նաեւ ծավալուն հարցազրույցներ տվեց Նորվեգիայի պետական “NRK” հեռուստաընկերությանը եւ առաջատար “Aftenposten” թերթին:

Հունվարի 30-ի վաղ առավոտյան նախարար Նալբանդյանը ուղեւորվեց Երեւան:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն