Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյան.«Խորհուրդ կտայի Էրդողանին, լուրջ մտածեր իր երկրի հեղինակության մասին»

Փետրվար 1, 2010թ. 16:40

zorabyan-Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հերթական հայտարարությունն այն մասին, թե  Հայաստանը մեկ անգամ ևս պետք է քննարկի` արձանագրություններում ինչի մասին է խոսքը` « ինչի մասին ենք մենք բանակցում և ինչ ենք պատրաստվում անել»:

-ՀՀ ՍԴ-ն իր եզրակացությունը տվել է` հայկական կողմը քննարկելու ոչինչ չունի։ Որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, իմ պարտականությունների մեջ  չի մտնում Թուրքիայի վարչապետին խորհուրդներ տալը, դրա համար ինքն ունի հատուկ խորհրդատվական ծառայություն։ Այդուհանդերձ, ես նրան խորհուրդ կտայի, որ ինքը, որպես Թուրքիայի վարչապետ, լուրջ մտածեր իր երկրի հեղինակության մասին, քանզի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն անհիմն պատճառաբանություններով ձգձգելով, Թուրքիան հերթական անգամ կորցնում է քաղաքակիրթ պետություն դառնալու շանսը։

-Ի՞նչ կասեք այն  մասին, թե ԵԽԽՎ-ում քննարկվելու է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հարցը:

-Ենթահանձնաժողովը եղել է, պարզապես ԵԽԽՎ-ի նոր նախագահն իր հարցազրույցում տեսակետ է արտահայտել, որ ենթահանձնաժողովի աշխատանքները պետք է ակտիվացվել։ Ընդհանրապես Չավուշօղլու վերջին մի քանի հայտարությունների վերաբերյալ մենք մեր վերապահումներն ենք արտահայտել: Ես և Ստրասբուրգում մեր դեսպանը «ԱՊԱ» գորցծակալությանը տված հարցազրույցից հետո անմիջապես պահանջել ենք հանդիպում Չավուշօղլու հետ։ Ինքն, իհարկե, հրաժարվեց այն մտքերից, որոնք տեղ էին գտել վերոնշյալ հարցազրույցում: Նա նկատեց, թե իրեն վերագրվել են մտքեր, որոնք ինքը չի ասել: ԵԽԽՎ-ի նոր նախագահը դա որակեց որպես լրագրողական մանիպուլյացիա։ Բայց կարծում եմ, որ այստեղ քննարկելու լուրջ խնդիր կա։

-Ստրասբուրգում լայնածավալ գործունեություն եք ծավալել՝ ներկայացնելով հայկական կողմի տեսակետները`Ղարաբաղյան  խնդրի, Բաքվի ջարդերի առնչությամբ։ Կմանրամասնեք, թե ի՞նչ  աշխատանքներ եք իրականացրել:

-Ինձ հետ Ստրասբուրգ էի տարել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրքերը, օրինակ՝ «Ղարաբաղի հայկական կոթողները» գիրքըն՝ անգլերեն լեզվով։ Գրքերից մեկը ես նվիրել եմ ԵԽԽՎ-ի նորըիտիր նախագահին՝ գրքի վրա մակագրելով՝ «Ճշմարտությունը քաղաքական շահերից վեր է»: Նույն մակագրությամբ մյուս գիրքը հանձնել եմ ԵԽ գլխավոր քարտուղարին։ Կարծում եմ, որ դա բավականին փոխեց մթնոլորտը եվրախորհրդում. ԵԽԽՎ թուրք նախագահն ասած, որ ինքն անպայման կկարդա այդ գիրքը։ Իսկ  գրքում ընդգրկված փաստերը որևէ տարընթերցման առիթ չեն տալիս ԼՂՀ հայկականության  մասին։ Այդ գրքի փաստերին ծանոթանալուց հետո ծիծաղելի են դառնում ադրբեջանական կողմի հիստերիաները։ Այնուհետև, մտել եմ եվրոխորհրդի անդամ բոլոր պետությունների աշխատասենյակները, և նրանց եմ հանձնել Բաքվի 1990թ. ջարդերի վերաբերյալ 40 րոպեանոց տեսաֆիլմը, ինչպես նաև «21-րդ դարի վանդալներ» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ այն կադրերն են ցուցադրվում, թե ինչպես են Ջուղայում ադրբեջանցի զինծառայողները ջարդում հայկական գերեզմանաքարերը։

Միաժամանակ  մտել եմ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների աշխատասենյակներն ու  նրանց ևս  հանձնել եմ այդ տեսաերիզները՝ սովորեք նաև ճշմարտության աչքերին նայել, մակագրությամբ։ Նախորդ նստաշրջանում ինձ մեղադրանք ներկայացվեց, որ ես կանոնակարգ եմ խախտում՝ նիստերի դահլիճում քարոզչություն անելով, երբ այնտեղ էի բաժանում այդ քարոզչաըան նյութերը։

Բնականաբար այս ամենը շատ մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում։ Ադրբեջանական կայքերից ես տեղեկացա, որ նրանք պատրաստվում են իմ դեմ ինչ-որ ակցիաներ կազմակերպել, իմ հարցը քննարկել մշակույթի հանձնաժողովում, ու քննարկել այն հարցը, թե Ջուղայի գերեզմանոցները ոչ թե հայկական են, այլ ալբանական։ Իհարկե դա աբսուրդ է, բայց նույնիսկ տեսականորեն, եթե ընդունենք, որ դա այդպես է, ին՞չ է նշանակում ավերել ուրիշի ստեղծած մշակութային գանձերը։ Իրենց փաստարկներն ուղղակի ծիծաղելի են: Ես անպայման մասնակցելու եմ մշակույթի հանձնաժողովի նիստին և անպայման ներկայացնելու եմ  իմ փաստարկները, դեռ ավելին, դրանք կլինեն նոր փաստեր ու փաստարկներ։

-Չեք կարծում, որ այս ամենը պետք է ավելի շուտ արվեր։

-Այո, կարծում եմ, որ շուտ պետք է արվեր, բայց տարիներ շարունակ մենք հանդես ենք եկել ընդամենը պասիվ պատասխանողի դիրքերից։ Այո, նման ակտիվ քայլեր շատ վաղուց պետք է իրականացվեին, որովհետև եթե դու պարտվում ես քարոզչական պատերազմում, ապա իրական պատերազմի դեպքում, քո հաղթելու հնարավորությունները շատ-շատ նվազում են։ Թերագնահատել քարոզչական պատերազմի նշանակությունը և տարիներ շարունակ առաջնորդվելով այն մտայնությամբ, որ ադրբեջանցիները սուտ և կեղծիք են տարածում և պետք չի նրանց պատասխանել, այլ ընդամենը պետք է արհամարհել, հայկական կողմի այդ «արհարմարհանքը» հանգեցրեց նրան, որ այսօր միջազգային բազմաթիվ խոշորագույն կառույցներում՝ ֆորումներում, շատ թյուր ընկալում կա թե’ Ղարաբաղի հարցի, թե’ Բաքվի, թե Սումգայիթի դեպքերի, նաև Խոջալուի վերաբերյալ։ Ադրբեջանցիներն ամեն անգամ մեր սեղանին են դնում Խոջալուի չակերտավոր ցեղասպանության մի նոր «փաստ»: Բայց մեր մասնագետները վերջերս պարզել են, որ այսպես կոչված Խոջալուի զոհերի նկարներում ազգությամբ սերբ զոհեր են, որոնք զոհվել են վերջին պատերազմի ժամանակ: Եվ ահա, ադրբեջանցիներն այսպիսի նկարներով են ներկայացնում են Խոջալուի դեպքերը ու հայտարարում, թե հայերն են իրենց կոտորել։ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ես դարձյալ այս փաստաթղթերը ներկայացնելում եմ վեհաժողովին։

-Ինչ ակնկալիք ունեք այս ամենից։

-Գիտեք, նման քայլերով մթնոլորտ է փոփոխվում։ Եվրոպացի պատգամավորը բացարձակապես շահագրգիրռ չէ այս հարցերով. Մեծ հաշվով, նրան ոչ Հայաստանն է հետաքրքրում, ոչ Ադրբեջանը, և նրանք շատ արագ ընկնում այն   պրոպագանդայի ազդեցության տակ, ինչը նրանց առաջինն է մատուցվում։ Երբ ադրբեջանցիները տևական ժամանակ մատուցում են իրենց սուտն ու կեղծիքը, եվրոպացի պատգամավորներն էլ  շատ երկար ժամանակ դրա  ազդեցության տակ են լինում։ Բրիտանացի պատագամավոր Մայքլ Հինգկոկը, որն ադրբեջանական քարոզչության հիմնական հենասյուներից մեկն է, մոտեցավ ինձ, Բաքվի ջարդերի մասին տեսաերիզը տվեցի նրան, նա ասաց՝ գիտեք ես շատ նոր բաներ իմացա այդ տեսաերիզով։ Այսինքն՝ պետք չէ թերագնահատել քարոզչության դերն ու ազդեցությունը։ Պետք է աշխատել հատկապես այն պատգամավորների հետ, որոնց ադրբեջանցիները, կոպիտ ասած, վարձել են, վճարում են նրանց և նրանք հանդես են գալիս ադրբեջանական դիրքերից` Հայաստանի դեմ։

Գոհար Փիլթոյան

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն