Իտալիայում Թուրքիայի դեսպանը խայտառակ լինելու եզրին է
Թուրքիայի արտգործնախարարությունում ամոթից խառնվել են իրար: Աշխարհով մեկ խայտառակ լինելու եզրին է հայտնվել Իտալիայում Թուրքիայի դեսպան Ալի Յաքըթալը: Վերջինիս դեմ մեղադրանք է ներկայացվել սեռական ոտնձգություն կատարելու համար:
Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» թերթը: Տեղեկացվում է, որ արդեն սկսվել է նախաքննություն: Եթե նախաքննությամբ պարզվի, որ թուրք դեսպանին ներկայացված մեղադրանքն անհիմն չէ, ապա նա կարող է պաշտոնանկ արվել: Վշտացած թուրք դեսպանն ու իր կինը պարզաբանումներ են տվել «Hurriyet»-ին:
«Այդ մեղադրական պնդումները չեմ կարող ընդունել: Նույնիսկ չեմ քննարկի նման բան եղել է թե ոչ: Անհնար է: Ինձ Անկարայում ճանաչում են, գիտեն: Թող նախաքննություն իրականացնեն, որ ես էլ կարողանամ արդարանալ: Ես նման բաներ անող մարդ չեմ: Նախարարությունն այդ հարցով անհրաժեշտ տեղեկություն կտրամադրի»,- ասել է Ալի Յաքըթալը:
Իսկ նրա կինը, «Hurriyet»-ի մեջբերմամբ, ասել է հետևյալը. «Շատ ծանր օրեր ենք ապրում: Սակայն դա կհաղթահարենք: Մեզ ճանաչում են, իմացողները գիտեն»:
Շուրջ երեք ամիս առաջ Իտալիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում նշանակված Յաքըթալը մինչ այդ կատարել է վարչապետ Էրդողանի` արտաքին քաղաքականության հարցերում գլխավոր խորհրդականի պարտականությունները:
ArmAr.am












