Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Նավթն ու գազը ձեռքին Ադրբեջանը մոլորվել է Արևմուտք-ԱՄՆ-Ռուսաստան վազքուղում

Փետրվար 1, 2010թ. 18:14

navtԱդրբեջանցի հեղինակը տարակուսանք հայտնելով իր երկրի կողմից վարվող անհավասարակշիռ արտաքին քաղաքականության վերաբերյալ, միաժամանակ հարցնում է.«Միգուցե՞ մեր անկախությունը կորցնելու ճանապարհին ենք կանգնած…»:

Նա գրում է, որ անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանում երկար ժամանակ շատ մոդայիկ է եղել իրենց բոլոր դժբախտություններում Ռուսաստանին մեղադրելը. «Բոլոր մակարդակներում, այդ թվում պաշտոնական, հայտարարվում էր, որ ղարաբաղյան ճակատում պարտությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը կռվում էր ոչ թե Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի դեմ: Սա, իհարկե ճշմարիտ էր, սակայն միակ պատճառը  չէր: Իսկ այլ պատճառների մասին մենք գերադասում էինք լռել: Շատ հարմար էր մեր բոլոր դժբախտությունների մեջ միայն ուրիշներին մեղադրել: Չէ որ, եթե մեղավոր չես, ապա ոչ մի պատասխանատվություն չես կրում ստեղծված իրավիճակի համար …ՙ:

Եվ որպես արդյունք, հեղինակի կարծիքով. «մարդկանց գիտակցության մեջ սկսեց արմատավորվել «Արևմուտքը մեզ կօգնի» արատավոր միտքը: Շատերն անգամ ասում էին, որ քաղբյուրոն տեղափոխվել է Վաշինգտոն: Իսկ այսօր հակառակն է տեղի ունենում. պարզվում է, որ մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք բոլորին «դուրս հրավիրել»՝ և Թուրքիային, և Արևմուտքին, և անգամ Միացյալ Նահանգներին՝ ի դեմս Բարաք Օբամայի: Պարզվում է, որ մեզ ոչ մեկի օգնությունն անհրաժեշտ չէ, քանի որ ինքներս կարող ենք մեր խնդիրները լուծել»:

Սակայն դրա հետ մեկտեղ, հոդվածագիրը նշում է, որ միտումնավոր, թե՝ ոչ, հիմա էլ մարդկանց գիտակցության մեջ արմատավորվում է մեկ այլ արատավոր միտք, որ բոլորին, ում ցանկանում են կարող են ՚«գրողի ծոցն ուղարկել», բայց ոչ՝ Ռուսաստանին, քանի որ «քաղբյուրոն արդեն վերադարձել է Մոսկվա: Նորից ցանկանում են հասարակությանը համոզել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Կրեմլում, և որպես հետևանք պետք է ի շահ Ռուսաստանի զոհաբերել մի շատ կարևոր բան՝ գրավյալ տարածքները վերադարձնելու նպատակով: Այսօր Ադրբեջանում բոլորը,  այդ թվում նաև պաշտոնական շրջանակներն արդեն Արևմուտքին են քննադատում, իսկ Ռուսաստանին քննադատում են միայն մի քանի անկախ քաղաքագետներ ու լրագրողներ»:

Ըստ հեղինակի, այս դեպքում առաջ են քաշվում մի շարք հիմնավորումներ, որոնցից առաջինն այն է, որ «ղարաբաղյան հակամարտության բանալին գտնվում է Կրեմլի ձեռքում, քանի որ հենց Ռուսաստանը որոշակի ազդեցություն ունի Հայաստանի վրա. «Ընդ որում, մենք ամոթխածորեն սկսել ենք շրջանցել այն հարցը, որ հենց Ռուսաստանն է ակտիվորեն մասնակցել ղարաբաղյան  հակամարտության «առաջացմանը»: Սակայն դա մանրուք է»:

Հեղինակի կարծիքով, ցավալին այն է, որ Ադրբեջանը վերադառնում է իր անպտուղ քաղաքականությանը. 1993 թվականի իշխանափոխության ժամանակ ևս մեծ հույսեր էին կապում Մոսկվայի հետ: Նա նաև զուգահեռներ է անցկացնում Վրաստանի՝ այդ թվականներին վարած արտաքին քաղաքականության հետ, որոնք սիրաշահելով Մոսկվային, կարծում էին կկարողանան կարգավորել օսեթական և աբխազական հակամարտությունները: Այդ տարիներին Ադրբեջանը դարձավ ԱՊՀ անդամ, անգամ հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել ԱՊՀ շրջանակերում գործող բոլոր կառույցների աշխատանքներին և ստորագրել բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը, այդ թվում՝ Համատեղ անվտանգության պայմանագիրը: Սակայն ոչինչ չստացվեց:  Պաշտոնական Բաքուն  «շատ շուտ հասկացավ, որ հակամարտության կարգավորումը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին: Հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորման ձգձգումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի ազգային-պետական շահերին»:

«Երկրորդ հիմնավորումը, որով փորձում են մեզ համոզել այն է, որ Մոսկվայի հետ պայմանավորվելն ավելի հեշտ է, քան մյուսների, քանի որ Ադրբեջանը, ինչպես նաև ներկայումս անկախ ԱՊՀ մյուս երկրները վերջին 200 տարվա ընթացում Ռուսաստանի հետ միասին գտնվել են միևնույն տնտեսական, իրավաքաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութահումանիտար տարածության մեջ: Միայն առաջին հայացքից է այս հիմնավորումը համապատասխանում իրականությանը»:

Սակայն հեղինակի կարծիքով, ամբողջ խնդիրն այն է, որ  «մինչև ХХ դարի սկիզբը, ոչ մի միասնական տնտեսական, իրավաքաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութահումանիտար տարածություն գոյություն չի ունեցել»:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն