Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելելու է Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հունվարի 30-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Մեդվեդևի՝ այս տարվա մայիսին Թուրքիա կատարելիք այցի մանրամասները: Նախագահները շեշտել են, որ այդ հանդիպումն առանցքային նշանակություն է ունենալու երկու երկրների հետագա հարաբերություններում:
Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ունեցած ներդրումների համար: Կողմերը բավարար են գնահատել Սև ծովի ավազանում իրականացված համատեղ աշխատանքները, ինչպես նաև քննարկել են Եվրոպական անվտանգության պայմանագրի զարգացման Ռուսաստանի նախաձեռնությունը:
Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ չնայած հանդիպման կարևորությանը, Դմիտրի Մեդվեդևի Թուրքիա այցելության շրջանակներում որևէ պայմանագրի ստորագրում չի նախատեսվում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո:
ArmAr.am












