Զանգվածային հերթական սպանություն` ադրբեջանական բանակում
Հունվարի 28-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել սարսափելի դեպք. ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ` Էլհան Բայալի օղլի Ազիզովը և Սադիգ Էթիբար օղլի Մամեդովը ինքնաձիգներով ներխուժել են զորամասի հրամանատարական կետ և անկանոն կրակ բացել զորամասի ղեկավարության ու սպաների վրա, ինչի հետևանքով չորս սպա տեղում մահացել է, երկուսը վիրավորվել: Այնուհետև ժամկետային զինծառայողները ինքնասպան են եղել:
Սակայն հարկ է նշել, որ ռազմական փորձագետ, պաշտոնաթող փոխգնդապետ Ուզեիր Ջաֆարովի տարածած տեղեկությունների համաձայն, սպանությունն իրականացրած ժամկետային զինծառայողները, փախուստի փորձի ժամանակ սպանվել են զորամասի տարածքում: Այս աղմկահարույց դեպքի մասին գրել են բազմաթիվ լրատվական գործակալություններ, սակայն դեպքի բազմաթիվ մանրամասներ դեռևս անհայտ են մնում:
Ադրբեջանական milaz.info տեղեկատվական գործակալությունը, դեպքից մեկ օր անց զրուցել է հանցագործությունն իրականացրած զինծառայողների ծնողների հետ: Նրանք նշել են, որ ծառայության ընթացքում իրենց զավակները զորամասում ունեցել են լուրջ բարդություններ և տարաձայնություններ զորամասի հրամանատարության և սպայակազմի հետ:
Էլհան Ազիզովի մայրը` Շովգիյա Ազիզովան հայտնել է, որ դեպքից երկու օր առաջ ինքը հեռախոսով զրուցել է որդու հետ և իմացել, որ նա ինչ-որ խնդիրներ ունի զորամասի հրամանատարության հետ: «Ես հեռախոսով խոսել եմ նրա հետ: Ես չգիտեմ, թե նրանք ինչ են արել զորամասում, սակայն գիտեմ, որ տանջել են իմ որդուն»,- ասել է Էլհան Ազիզովի մայրը:
«Եթե նա զենք է վերցրել և գնդակահարել է իր ծառայակիցներին, նշանակում է այնտեղ ինչ-որ բան է տեղի ունեցել: Փաստը, որ նրանք դիմել են այդ քայլին, կասկածներ է առաջացնում: Նշանակում է` նրանց և սպաների միջև որոշակի տարաձայնություններ են եղել»,- ասել է Սադիգ Մամեդովի հայրը` Էթիբար Մամեդովը:
Ադրբեջանական ռազմական փորձագետները նշում են, որ դեպքի պատճառը ոչ կանոնադրային հարաբերություններն են, որ տիրում է ադրբեջանական բանակում: Հիշեցնենք, որ 2009թ. համանման դեպք տեղի էր ունեցել Սեֆալի զորավարժարանում, որտեղ ադրբեջանցի ժամկետային զինծառայող Օրհան օղլի Սաֆարովը սպանել էր 4 զինծառայողի և վիրավորել ևս երեքի: 2010թ. հունվարի 18-ին վերջինս դատապարտվեց ցմահ ազատազրկման:
Բանակում տիրող վիճակի մասին խոսելու, դրանց պատճառները վերացնելու փոխարեն, ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ և խորհրդարանի պատգամավորներ փորձում են որոշակի օրինաչափություն տեսնել սարսափելի ոճրագործությունների ժամանակացույցում` դա բացատրելով զինծառայողների հոգեկան վիճակով: Մինչդեռ զորակոչային հարցերով զբաղվող ադրբեջանական պատասխանատուները պնդում են, որ հունվարի 28-ի հանցագործությունն իրականացրած զինվորները բանակ են զորակոչվել լիովին առողջ և եթե նույնիսկ նրանք ունեցել են հոգեկան շեղումներ, ապա դրանք ձեռք են բերվել ծառայության ընթացքում:
Տեղի ունեցածը անհանգստացնող և անհասկանալի է դառնում նաև այն պատճառով, որ դեպքի մանրամասները ամբողջությամբ գաղտնի են պահվում ադրբեջանական հասարակությունից: Ամերիկյան լրատվական գործակալություններից մեկը նշում է, որ Գյանջայի զինվորական հոսպիտալներից մեկի բժիշկները հայտնել են, որ իրենց խստագույնս հանձնարարված է ոչ մի տեղեկություն չհաղորդել տուժածների մասին:
Չկարողանալով բացատրել տեղի ունեցած սարսափելի հանցագործության պատճառները` ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է համանման դեպքերի օրինակներ բերել արևմտյան պետությունների բանակների պատմությունից: Մասնավորապես` համեմատություններ են արվում Իրաքում տեղակայված ամերիկյան բանակում տեղի ունեցած զանգվածային սպանությունների հետ: Ադրբեջանական «ագիտպրոպը» մոռանում է, որ Իրաքում ընթանում են ակտիվ ռազմական գործողություններ և զինվորականների հոգեկան անհավասարակշռությունը հնարավոր է ինչ-որ ձևով բացատրել, որը չի կարելի ասել Դաշքեսանում տեղակայված զորամասի մասին, և հետևաբար համեմատությունները լիովին անհիմն են:
Չմոռանանք նաև այն փաստը, որ 2009թ. ադրբեջանական բանակում տեղի ունեցած շուրջ 250 արտակարգ պատահարների հետևանքով զոհվել են ավելի քան 120 սպաներ, ենթասպաներ և զինծառայողներ:
Ադրբեջանցիներն ուղղակի պետք է ընդունեն, որ հսկայական ռազմական բյուջեի քարոզչության և ռազմատենչ հայտարարությունների հետևում թաքնված է, գուցե լավ սպառազինություն ունեցող, սակայն ցածր կազմակերպվածություն ունեցող մի բանակ:
Այս ամենի հետ միասին առավել անհասկանալի են Ադրբեջանի պետական և ռազմական ղեկավարների ամպագոռգոռ և սպառնալից հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման մասին:
ArmAr.am












