Հայաստանի Հանրապետության եւ Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը
2010 թ. հունվարի 29-ին Ն.Գ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Նորվեգիա, որի ընթացքում քաղաքական բանակցություններ վարեց ԱԳ Նախարար Յոնաս Գահր Շտյորեի հետ: Նախարարներն անդրադարձան հարցերի լայն շրջանակի, որոնց շարքում էին երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, ինչպես նաեւ` Եվրոպական ինտեգրմանը եւ համագործակցությանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հայտնելով երկկողմ հարաբերությունները հետագայում եւս զարգացնելու փոխադարձ ցանկությունը, նախարարները համաձայնեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, այդ թվում` երկու ԱԳՆ-երի միջեւ երկկողմ խորհրդատվությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ հումանիտար կապերի նոր հնարավորությունների բացահայտման միջոցով: Նախարարները շեշտեցին Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ տնտեսական համագործակցության եւ մշակութային կապերի կարեւորությունը:
Նախարարները ստորագրեցին ռեադմիսիայի մասին երկկողմ համաձայնագիր: «Հարաճուն շարժունակության եւ միգրացիայի դարաշրջանում այս համաձայնագիրը երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր մաս է կազմում», – ասաց ԱԳ նախարար Շտյորը:
Նախարար Նալբանդյանը հրավիրեց իր նորվեգացի գործընկերոջը պաշտոնական այց կատարել Հայաստան: «Մենք կարեւորում ենք մեր հարաբերությունները Նորվեգիայի հետ եւ ձգտում ենք համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի», – ասաց նախարար Նալբանդյանը:
Նախարար Շտյորեն ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերն` ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում` սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Նախարարները նաեւ մտքեր փոխանակեցին ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ: Նախարար Շտյորը վերահաստատեց Նորվեգիայի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը:
Նախարարները հաստատեցին իրենց հավատարմությունը հետագա բանակցությունների ձեւաչափին, ինչպես արտացոլված է 2009թ. ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աթենքյան հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարար Նալբանդյանը հանդես եկավ ելույթով Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում եւ այցելեց հանրահայտ նորվեգացի բեւեռախույզ, դիվանագետ ու հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի տուն-թանգարան:












