Երկկողմ համագործակցություն Ավստրիայի Կրեմ քաղաքի ու Երևանի միջև
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հունվարի 25-28-ը պաշտոնական այցով գտնվում էին Ավստրիական Հանրապետությունում: Այցելության ընթացքում ստորագրվեց մշակույթի, կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա խթանել համագործակցությունը հումանիտար ոլորտներում:
Կրթության և գիտության բնագավառում հուշագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի շահագրգիռ կազմակերպություններին և անձանց առավել մեծ ծավալով օգտվել ավստրիական փոխանակման ծրագրերից և ընդլայնել Հայաստանի հանրակրթական դպրոցներում գերմաներեն լեզվի դասավանդման գործընթացը` ներառելով նաև ավստրիական կողմին:
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել դասագրքերով աջակցել Մխիթարյան միաբանության ուսումնական հաստատություններին և Հ. Շիրազի անվան կիրակնօրյա դպրոցին: Երկկողմ համագործակցություն է հաստատվել Կրեմ քաղաքի տուրիզմի ու հյուրընկալության և Երևանի զբոսաշրջության քոլեջների միջև: Քննարկվել են հայ-ավստրիական բուհական համագործակցության խնդիրներ` Տեմպուս 4 և Ռազմուս Մունդուս ծրագրերի շրջանակում, ինչպես նաև Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ավստրիական MBA ծրագրի ներդրման և հայ գրատպության 500-ամյակին նվիրված Վիեննայի համալսարանի հետ համատեղ գիտական կոնֆերանսի կազմակերպման հնարավորությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել նաև Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ArmAr.am












