Եվրադատարան. «Թուրքիան մարդու իրավունքների խախտման առաջատարն է»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարձրագույն դատական մարմնի տեղեկացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած 47 երկրների շարքում, մարդու իրավունքների խախտման առաջատարը Թուրքիան է:
Վիճակագրական տվյալների համաձայն, 1959-2009 թթ. ընկած ժամանակահատվածում, Թուրքիան գլխավորում է աղյուսակը՝ դատավճիռների խախտումներով՝ 18.81 տոկոս, գերազանցելով Իտալիային՝ 16.57 տոկոս և Ռուսաստանին՝ 6.34 տոկոս: Եվրադատարանը, միայն 2009 թվականին 2395 դատավճիռ է քննարկել Թուրքիայի վերաբերյալ, որոնցից միայն 46-ում խախտում չի հայտնաբերվել: Թուրքիայի կողմից մարդու իրավունքների հիմնական տարածված խախտումն արդար դատաքննության մերժումն է: Երկրորդ տեղում Իտալիան է՝ 2021 դատավճիռ:
2009 թվականին դատավճիռների թիվը Թուրքիայում անցած տարվա համեմատությամբ ավելացել է 27 տոկոսով: 2009 թվականին Թուրքիան դարձյալ գլխավորում է ցուցակը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածների խախտմամբ, հիմնականում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտմամբ՝ արդար դատաքննություն խելամիտ ժամկետում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որն անցյալ տարի նշեց իր 50-ամյակը, կարող են դիմել Եվրոպական խորհրդի 47 անդամ երկրների 818 միլիոն մարդիկ, ովքեր անցնելով իրենց ազգային դատական բոլոր ատյանները, գտնում են, որ արդարության չեն հասել:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am
թեգ- Եվրադատարան, Թուրքիա, մարդու իրավունքներ,












