Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագան մշուշոտ է»

Փետրվար 2, 2010թ. 12:38

armenia«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագան գնալով ավելի ու ավելի մշուշոտ է դառնում»,- «EurasiaNet» կայքում հրապարակված հոդվածում այսպիսի կարծիք է հայտնել Նիկոլաս Բերչը, ով մասնագիտացած է Թուրքիայի, Իրանի և Մերձավոր Արևելքի հարցերով: Թուրքական կողմն առավել ակտիվությամբ  բողոքում է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման դեմ: Թուրքական խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրադ Մերկանն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանը մոտ ապագայում ամենևին էլ չի պատրաստվում սույն հարցը քվեարկության ներկայացնել.«Գործնականում ոչ մի տարբերություն չեմ տեսնում արձանագրությունների հարցն խորհրդարանական հանձնաժողովում քննարկելու, թե ընդհանրապես դրանք մոռացության մատնելու մեջ»:

Հեղինակը գրում է, որ վերլուծաբանները մեծ զարմանքով են  ընդունել Թուրքիայի շատ խիստ արձագանքը: Հայաստանի ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասել. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թուրքական կառավարությունը քաղաքական արդարացում է փնտրում՝ արձանագրությունների ստորագրման գործընթացից դուրս գալու համար»:

Սահմանադրական դատարանի՝ հունվարի 12-ին ընդունած որոշումը միայն հաստատեց, որ արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Հիմնական օրենքին: Սակայն թուրքական քաղաքական գործիչներին սաստիկ զայրացրել էր դատարանի կողմից փաստաթղթի մանրամասն քննությունը: Թուրք պաշտոնյաները պնդում են, որ Հայաստանի դատարանը կասկածի տակ է դնում 87 տարի առաջ Հայաստանի և Թուրքիայի միջև գծված սահմանը, ինչպես նաև հաստատում է, որ երկու երկրների սույն պայմանագիրը «ոչ մի արտոնություն չունի Երևանի կողմից ձեռնարկվող՝ 1915 թվականի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ»:

Սակայն, «Հաբերթուրք» թուրքական թերթի արտաքին քաղաքականության մեկնաբան Սոլի Օզելն այլ կարծիքի է. «Որքանով ես կարող եմ դատել, դատարանի որոշման մեջ  այնպիսի բան գոյություն չունի,  որը կարող է վնասել անցած տարվա հոկտեմբերին ստորագրված արձանագրություններին: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ մոտեցում ցուցաբերեց հարցի նկատմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապելով ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործընթացի հետ»:

Վարչապետ Էրդողանն առաջին անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապեց անցած տարվա գարնանը, սակայն նրա այդ համառությունը միայն վերջերս Թուրքիային միայնության մեջ թողեց միջազգային ասպարեզում: Միացյալ նահանգների և Ռուսաստանի ղեկավարները բազմիցս արտահայտել են իրենց կարծիքը, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ինքնուրույն հարցեր են:

Արտաքին քաղաքականության մի շարք տեղացի վերլուծաբանների կարծիքով, Անկարայի դիրքորոշմանը Ռուսաստանի հավանություն չտալը լուրջ խոչընդոտ է հանդիսանում Անկարայի համար: «Ռադիկալ» թուրքական թերթի արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Էրդալ Գուվենը կարծում է, որ Ռուսաստանի հետ թուրքական կառավարության անհամաձայնությունը բնորոշ է Անկարայի՝ սեփական  աշխարհաքաղաքական ազդեցության գերագնատման միտումներին:

«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սիրում է կրկնել, որ Թուրքիան ավելի շուտ հանդիսանում է նախաձեռնող, քան կատարող, սակայն, ամեն դեպքում Անդրկովկասում «պարահանդեսը ղեկավարում էՙ Մոսկվան, այլ ոչ թե՝ Անկարան»,- ընդգծել է փորձագետը:

Սակայն փորձագետը նաև կարծում է, որ չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղավորվում է Թուրքիայի՝ հարևան երկների հետ խնդիրների կարգավորման քաղաքականության մեջ, որը հանգեցրել է հարևան երկրների, հատկապես Սիրիայի, Իրաքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, այնուամենայնիվ, այն առաջնահերթ խնդիր չէ. «Թուրքական կառավարությունը ձգտում է Թուրքիան վերածել էներգետիկ հանգույցի, սակայն գազ ունի Ադրբեջանը, այլ ոչ թե՝ Հայաստանը: Եթե իրավիճակը շատ բարդանա, ապա Անկարան կկանգնի Բաքվի կողքին»,- կարծում է փորձագետը:

Թարգմ. Ռուզաննա Ավագյանի

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն