Վրաստանի զինված ուժերը` 2008թ. հնգօրյա պատերազմից հետո
2009թ. դեկտեմբերի 26-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ազգային գվարդիայի կառավարման նոր շենքի բացման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը «թշնամու դեմ պայքարի համար» պատրաստվում է զորակոչել պահեստազորայիններին (ռեզերվիստներին): Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Վրաստանի դեմ պատերազմ է մղվում, մեզ ամեն օր սպառնում են: Սակայն թշնամին պետք է իմանա, որ հարձակման դեպքում յուրաքանչյուր զինվորականից, յուրաքանչյուր քաղաքացուց արժանի հակահարված է ստանալու: …Մենք մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ կանանց, պետք է զինենք, որպեսզի նրանք պատրաստ լինեն հակահարվածի: Յուրաքանչյուր քաղաք, տուն, փողոց և ընտանիք պետք է դառնա դիմադրության կենտրոն: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք պատերազմի»:
Համաձայն Վրաստանում ընդունված նոր օրինագծի՝ պահեստազորայինները կարող են կամավոր ծառայության անցնել 27 տարին լրանալուց հետո: Պետությունը 4 տարով պայմանագիր է կնքում նրանց հետ, իսկ 1.5 ամիս տևողությամբ ռազմական հավաքների ընթացքում վճարում է նաև հավելյալ դրամական բավարարում:
Միաժամանակ նախատեսվում է առաջիկա 4 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի զինվորական հրահանգիչների ուսուցման ծրագրերով պատրաստել շուրջ 3000 ռազմական մասնագետներ:
Հարկ է նշել, որ Սահակաշվիլու դեկտեմբերի վերջին արած հայտարարությունները լուրջ տարակուսանքներ են առաջացրել ռազմական փորձագետների շրջանում, քանի որ այնտեղ կային բազմաթիվ հակասություններ: Մասնավորապես, իր ելույթում Վրաստանի նախագահն ասել է. «Հարյուր հազար, երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար, իսկ եթե անհրաժեշտ լինի` նաև կես միլիոն մարդ պետք է պատրաստ լինի զենք վերցնելու: Մենք ունենք բավարար քանակությամբ ինքնաձիգեր և ռազմամթերք»: Մասնագետները նշում են, որ 2008թ. օգոստոսյան պատերազմի փորձը ցույց է տալիս, որ կամավորականները առանձնապես ցանկություն չունեին զոհվել մարտադաշտում, քանի որ նրանք հասկանում էին պատերազմի անիմաստ լինելը: Մյուս կողմից՝ ընդամենը 20-25 հազարանոց մշտական բանակ ունեցող երկրի համար գրեթե անհնար է տեղաբաշխել և բացազատել կես միլիոնանոց բանակ:
Սահակշվիլու հայտարարությունները ուղղակի հակասության մեջ են մտնում նաև Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բաինդուրաշվիլու հաշվետվության հետ, քանի որ վերջինս հայտարարել էր, որ 2010թ. Վրաստանի պետբյուջեն չի նախատեսում ռազմական հատկացումների ավելացում:
Հարկ է նշել նաև, որ Վրաստանը, բանակի վերականգնման համար արևմուտքից ստացած շուրջ 4.5 մլրդ դոլար օգնությունն օգտագործել է իր երկրի ֆինանսատնտեսական անկումը կասեցնելու համար, հետևաբար, Սահակաշվիլու ռազմական հայտարարություններն այնքան էլ իրատեսական չեն:
Վրաստանն իր ռազմական բյուջեն սրընթաց ավելացնում էր 2005-2008թթ. ընթացքում՝ տարեկան 77.6 միլիոնից հասցնելով 965 մլն դոլարի: Սակայն արդեն 2010թ.-ին բանակի համար պետությունը նախատեսել է ընդամենը 679 մլն դոլար:
Այնուամենայնիվ, նախորդ մեկ տարվա ընթացքում նկատվում է վրացական բանակի համալրման և նոր սպառազինության ձեռքբերման որոշակի աճ: 2009թ. ամռանը, համաձայն Վրաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությունների, զինված ուժերի թվակազմը տատանվում էր 36-38 հազարի շրջանակներում, որից շուրջ 23 հազարը ցամաքային զորքերն են: Ի տարբերություն 2008թ. օգոստոսյան պատերազմին նախորդած ժամանակաշրջանի` վրացական զորքերն ամբողջությամբ տեղակայված են Վրաստանում. նախատեսվում է միայն փոքր զորախումբ ուղարկել Աֆղանստան: Վրացական բանակը 2009 թվականի ընթացքում համալրվել է հետևակային երկու նոր բրիգադներով և հրետանային բրիգադով, որը տեղակայված է Գորիում: Այսպիսով, կարելի է ասել, որ վրացական ցամաքային ուժերը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել են մոտավորապես 1-1.5 անգամ:
ArmAr.am












