Մարդու իրավունքների եվրադատարան. Թուրքիայում ոտնահարվել է խղճի և դավանանքի ազատությունը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու կարևոր վճիռ է կայացրել Թուրքիայի վերաբերյալ: «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Սինան Ըշըք անունով Թուրքիայի մի քաղաքացի պահաջել էր, որ իր անձնագրի դավանանքի մասին հատվածում նշվի ոչ թե «իսլամ», այլ` «ալևի», սակայն մերժվել էր: Սինանը դիմել էր եվրադատարան, որն էլ, առաջնորդվելով խղճի և դավանանքի ազատության կարևորագույն սկզբունքով, ընդունել է համապատասխան որոշում, համաձայն որի, եթե անձնագրում հարկ է նշել կրոնական պատկանելությունը, ապա պետք է գրվի տվյալ մարդու դավանած կրոնը կամ կրոնական ուղղությունը: Նշանակում է` Թուրքիան մեղավոր է ճանաչվել մարդկանց խղճի և դավանանքի ազատությունը չապահովելու համար:
Տեղեկացնենք, որ ալևիները ևս համարվում են մահմեդականներ, սակայն նրանք մզկիթ չեն գնում: Ալևիների դավանանքն արմատապես տարբերվում է թուրք հասարակության դավանած սուննիական իսլամից և ներառում է նախաիսլամական, իսլամանական ու քրիստոնեական որոշ ծիսակատարություններ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած մեկ այլ որոշմամբ էլ արդարացի չի ճանաչվել Թուրքիայի քաղաքացի այն քրդերի պահանջը, ովքեր ցանկանում են, որ անձնագրերում իրենց անունները գրվի քրդերեն տառերով: Դատարանի որոշմամբ` անձնագրում նշվելու ենթական են բացառապես թուրքերեն այբուբենում ընդգրկված տառերը:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիմնադրվել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից 1959 թվականին Ստրասբուրգում` նպատակ ունենալով արձագանքել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումներին:
ArmAr.am












