Թոմաս Համմարբերգի հայտարարությունը
2010թ. հունվարի 25-ին Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը տարածել է Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները պետք է հարգվեն՝ դրանց մերժումը քայքայում է մարդու իրավունքները եւ առաջացնում է միջհամայնքային ընդհարումներ հայտարարություն՝ ուղղված Եվրախորհդի անդամ-երկրներին, այդ թվում նաեւ Վրաստանին: Փաստաթղթում եւս մեկ անգամ ամրագրվում են ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական չափանիշները: Ստորեւ ներկայացնում ենք Համմարբերգի հայտարարության տեքստից որոշ հատվածներ, որոնք կիրառելի են Վրաստանի հայ փոքրամասնության առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ:
Հայտարարության ամբոողջական տեքստը անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով կարելի է գտնել Եվրախորհրդի կայքում՝ http://www.coe.int/t/commissioner/Viewpoints/100125_en.asp
Թոմաս Համմարբերգ,
Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳՎԵՆ՝ դրանց մերժումը քայքայում է մարդու իրավունքները եւ առաջացնում է միջհամայնքային ընդհարումներ
Անձնագրերում անձնանունների գրության ձեւը, փողոցների անուններ եւ այլ տեղանուններ մայրենի լեզվով փակցնելը, դպրոցներում օգտագործվող լեզուն, իշխանությունների հետ հաղորդակցվելու լեզուն, փոքրամասնությունների կողմից լրատվամիջոցների հիմնադրման հնարավորությունը՝ նման հարցեր նորից ու նորից բարձրացվում են եվրոպական մի քանի երկրների փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից:
Վերջին 20 տարվա ընթացքում Եվրոպայի քաղաքական քարտեզի վերաձեւումները էլ ավելի սրություն են հաղորդել այդ խնդիրներին: Բացի դրանից, ի հայտ եկող ազգայնական միտումները, միախառնված «ազգային նույնականության» շուրջ առաջացած շփոթին ու անապահովությանը, քաջալերում են ծայրահեղականներին առաջ մղել ազգային փոքրամասնությունների նկատմամբ այլատյացության գաղափարները:
Լեզվական խնդիրներին առնչվող հարցերը նոր ֆենոմեն չեն: Իսկապես, մարդու իրավունքների վերաբերյալ մի քանի միջազգային եւ Եվրոպական համաձայնագրերում ձեւակերպվել են նորմեր՝ նվիրված այդ խնդիրների կարգավորմանը:
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան (The Framework Convention for the Protection of National Minorities, FCNM) Եվրախորհրդի համաձայնագիր է, որն ի թիվս այլ հարցերի աջակցում եւ պաշտպանում է ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները:
Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան (The European Charter for Regional or Minority Languages, ECRML) աջակցում եւ պաշտպանում է լեզուները, որպես Եվրոպական մշակութային ժառանգության տարր:
Այս չափանիշները լրացվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միջոցով, որն արգելում է լեզվի հիմքի վրա ցանկացած խտրականություն (հոդված 14):
Չափանիշներ է ձեւավորել այս բնագավառում ԵԱՀԿ-ն, որոնց կիրառումը քաջալերվում է Ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի կողմից: Կարեւոր փաստաթուղթ է Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների վերաբերյալ Օսլոյի հանձնարարականները (կից բացատրական փաստաթղթով):
Խնդրին վերաբերվող ՄԱԿ-ի փաստաթղթերից է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Civil and Political Rights), որում ամրագրված է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ … մայրենի լեզուն օգտագործելու իրավունքը: Նվազ պարտավորեցնող է, սակայն այնուամենայնիվ չափազանց տեղին է Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ՄԱԿ-ի հռչակագիրը (UN Declaration on the Rights of Persons Belonging to National or Ethnic, Religious and Linguistic Minorities):
Տեղանուններ, փողոցների անուններ եւ այլ տեղագրական նշումները
Տեղական իշխանության մարմինները, այն շրջաններում, որի բնակչության գերակշիռ մասը կազմում են փոքրամասնության ներկայացուցիչները պետք է ընդունեն, որ երբ անհրաժեշտ է փոքրամասնության լեզուն պետք է օգտագործվի պաշտոնական լեզվին զուգահեռ:
Կրթություն
Փոքրամասնության լեզվի ուսուցումը բացարձակապես կարեւոր է լեզվական իրավունքների պաշտպանության եւ լեզուների պահպանման համար: Իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի ազգային փոքրամասնություններին պատկանող անձիք ունենան համարժեք հնարավորություններ ուսանելու իրենց լեզուն եւ անգամ կրթություն ստանալու այդ լեզվով: Երկլեզվությունը պետք է խրախուսվի բոլորի համար:
Իշխանությունների հետ շփումներ
Իշխանությունների հետ մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունը մարդու իրավունքների բնագավառի մեկ այլ խնդիր է, որը բարձրաձայնվում է ազգային փոքրամասնությունների կողմից: Շրջանակային կոնվենցիան եւ Լեզուների խարտիան սահմանում են, որ իշխանությունները պարտավոր են փորձել գործարկել նման հաղորդակցությունը այնքանով, ինչքանով դա հնարավոր է եւ որտեղ առկա է դրա իրական կարիքը:
Մի շարք երկրներ որոշել են դիտարկել տվյալ տարածքում փոքրամասնության թվաքանակը որպես որոշակի լեզվական իրավունքներ տրամադրելու համար նշանակություն ունեցող գործոն եւ այդ նպատակով հաստատել են նվազագույն շեմ: Այդ շեմը չպետք է լինի շատ բարձր: Խորհրդակցական կոմիտեն ոչ հիմնավորված է համարել այդ շեմը 50 տոկոսից բարձր հաստատելը:
Աշխատանքի ընդունման իրենց քաղաքականության մեջ հանրային կառավարման մարմինները չպետք է պահանջեն պետական լեզվի իմացություն առավել քան անհրաժեշտ է տվյալ մարմնում աշխատելու համար պահանջվածից: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց զբաղվածության հասանելիությունը չպետք է անհիմն սահմանափակվի: Դրա հետ զուգահեռ անհրաժեշտ է դրսեւորել կառուցողական մոտեցում, օրինակ՝ պետական լեզվի ուսումցման հնարավորություն ստեղծելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից դիմողների համար: Միեւնույն ժամանակ, ազգային փոքրամասնությունների լեզուների իմացությամբ պետծառայողներ աշխատանքի ընդունելը թույլ կտա կառավարման մարմիններին էլ ավելի լավ սպասարկել ամբողջ բնակչությանը:
Պետք է խուսափել պետական լեզվի բռնի ներմուծմանն ուղղված պատժամիջոցներից: Ուշադրությունը պետք է կենտրոնացնել նման օրենսդրության ներդաշնակմանը ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանությանն ուղղված օրենքներին՝ հակասություններից խուսափելու եւ բոլոր քաղաքացիների լեզվական իրավունքների նկատմամբ հարգանքը երաշխավորելու նպատակով:
Լրատվամիջոցներ
Ազգային փոքրամասնությունների լեզուներով լրատվամիջոցների ստեղծումը ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար մտահոգության մեկ այլ առարկա է: Կատարյալ վիճակում լրատվամիջոցները պետք է արտացոլեն բնակչության բազմակարծությունը եւ բազմազանությունը: Լրատվամիջոցների պետական կարգավորումը պետք է հիմնված լինի առարկայական ոչ խտրական չափանիշների վրա եւ չպետք է օգտագործվեն փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման համար:
Վերոնշյալ բոլոր հարցերի ուսումնասիրությունից քաղվելիք հիմնական դասն այն է, որ մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները կարող են արդյունավետ կերպով լուծվել միայն ազգային փոքրամասնությունների իրական պահանջմունքների լուրջ գնահատման միջոցով:
Շատ հաճախ իշխանությունները հաշվի չեն առնում դրանք, երբ մշակում են իրենց քաղաքականությունը: Չափազանց կարեւոր է, որպեսզի իշխանությունները սերտ կապեր պահպանեն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հետ եւ ձգտեն հաստատուն ու շարունակական խորհրդակցությունների՝ կառուցողական երկխոսության:












