Զուրաբ Տոդուա. «Լեռնային Ղարաբաղը ոչ ոք չի հանձնի նավթի դիմաց»
«Բաքվին բազմիցս զգուշացրել էին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ ոք չի հանձնի նավթի դիմաց»,- այս մասին «Նովոստի Ազերբայջան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, հետխորհրդային տարածքի հիմնախնդիրներով զբաղվող փորձագետ Զուրաբ Տոդուան: Նրա կարծիքով` մեծ ու հեղինակավոր տերությունները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, այլ հետաքրքրություններ էլ ունեն:
Ըստ Տոդուայի` Ադրբեջանը հուսախաբված է, քանի որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց չկա, Արեւմուտքի դիրքորոշումը չափազանց գործնական է, չի գործում «նավթ` տարածքների դիմաց» ռազմավարությունը, սակայն Բաքվին բազմիցս զգուշացրել էին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ ոք «չի տա» նավթի դիմաց:
Անդրադառնալով 2010 թվականին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին` քաղաքագետը նշել է, որ եթե բանակցային գործընթացի դինամիկան պահպանվի, անկանխատեսելի ընդհատումներ չլինեն` կարելի է հուսալ, որ կավարտվի հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքը, եւ դրանց հիման վրա կմշակվի խաղաղ համաձայնագրի տեքստը:
«Հիմնական պատճառը, որ բանակցություններն անարդյունք շարունակվում են այսքան տարի, այն է, որ թե’ Հայաստանը, թե’ Ադրբեջանը չեն ցանկանում համաձայնության գալ: Այնուամենայնիվ, սա կարգավորման լուրջ շանս է. Ադրբեջանում եւ Հայաստանում քաղաքական իրադրությունը կայուն է, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումներն այդ հարցում, համենայն դեպս, ներկայումս, առանձնապես չեն հակասում միմյանց: Դա շանս է, եւ խելամտությամբ առաջնորդվելով` այն կարելի է օգտագործել»,- ասել է Տոդուան:
ArmAr.am












