Փրկենք մեր մշակութային արժեքները
ՀՀ օրենսդիրին են դիմել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի նախկին և ներկա մի խումբ բնակիչներ։ Նրանք իրենց անհանգստությունն են արտահայտել գյուղի տարածքում 5-ից 13-րդ դարերի ընթացքում կառուցված եկեղեցու, վանական համալիրի և միջնադարյան դամբարանակարգի ճակատագրի առնչությամբ։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ իր ճարտարապետական կերտվածքով պատմամշակութային եզակի արժեք ներկայացնող այս կառույցին ոչնչացման վտանգ է սպառնում։ Նշեց նաև, որ 2010թ. Պետբյուջեից բավական համեստ գումարներ են հատկացվել՝ պատմական ու ճարտարապետական կոթողները վերականգնելու ու պահպանելու նպատակով, մինչդեռ այդ գումարներով հնարավոր չի լինի փրկել պատմամշակութային արժեք ներկայացնող այս կառույցը։
Պատգամավորը կոչ արեց այս խնդրով մտահոգ մեր հայրենակիցներին, հատկապես՝ ֆինանսական հնարավորություն ունեցող ապարանցիներին, համախմբվել և բացառիկ այդ վանական համալիրը փրկել ոչնչացումից։
ArmAr.am












