Թուրքիայի խորհրդարանը` բռնցքամարտի ռինգ
Թուրքիայի խորհրդարանը վերածվել է այսպես ասած` բռնցքամարտի ռինգ: Վերջին շրջանում մեջլիսում հաճախադեպ է դարձել ձեռնամարտի բռնվելը: Վերջին կատաղի ծեծկռտուքը տեղի է ունեցել նախօրեին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Օմեր Դինչերին հարց ուղղելու համար հերթագրվելու ժամանակ միմյանց փոխադարձ վիրավորանքներ են հասցրել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների պատգամավորները: Ինչպես տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական գործակալությունը, ծեծկռտուքը հրահրել է «ԱՇԿ»-ի պատգամավոր Օսման Դուրմուշը: Վերջինս իր խոսքում քամահրանքով է հիշատակել ամենուր գլխաշոր կրող Էրդողանի տիկնոջ` Էմինե Էրդողանի մասին: Իսկ Էրդողանի մասին էլ ասել է, որ վերջինիս ընդունում են որպես մարգարե: Դուրմուշի այս խոսքերը առաջացրել են Էրդողանի ու նրա կուսակցիների խիստ զայրույթը: «ԱԶԿ»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Բեքիր Բոզդաղը Դուրմուշի ելույթը որակել է որպես անդաստիարակության հետևանք: Իսկ Էրդողանն էլ կոչ է արել իր կնոջ թեման չարծարծել, քանի որ դա անբարեկիրթ է: Այդ ընթացքում երկու կուսակցությունների պատգամավորների միջև սկսվել է ձեռնամարտ: Այն այնքան կատաղի է եղել, որ մինչևանգամ զուսպ ու հավասարակշիռ նկարագրի տեր առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, չդիմանալով հայհոյանքների տարափին, բռունցքները սեղմած նետվել է Օսման Դուրմուշի վրա: Վարչապետ Էրդողանը շտապ դուրս է եկել նիստերի դահլիճից:
Ահա այսպիսի անհավասարկշիռ խորհրդարանում պետք է քննարկվի հայ-թուրքական արձանագրութունների վավերացման հարցը, որը խիստ զգայուն հարց է թուրք ընդդիմադիրների համար: Չի բացառվում, որ այդ ժամանակ էլ նրանք կապավինեն իրենց բռունցքներին:
ArmAr.am
նորացված տարբերակ












