Թուրքերը գնում են Եվրոպայում խորհրդակցելու
Թուրքական իրարանցումը` կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ընդունած որոշման հետ, շարունակվում է: Այս անգամ թուրքերը որոշել են դիմել օտար դիվանագետների օգնությանը:
Պաշտոնական Անկարան հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ իր մտահոգությունները հայտնելու համար դիվանագետ է գործուղում Շվեյցարիա:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 4-ին կմեկնի Շվեյցարիա, որտեղ կհանդիպի շվեյցարացի իր գործընկեր Միխայել Ամբուլի (Michael Ambuhl) հետ եւ կբացատրի Հայաստանի ՍԴ-ի որոշման ու ստորագրված արձանագրությունների անհամապատասխան կետերը` պահանջելով, որ Հայաստանը հավատարիմ մնա ստորագրված արձանագրությունների բովանդակությանը, այլապես «հնարավոր չի լինի շարունակել գործընթացը»:
Նշենք, որ Միխայել Ամբուլը 2008 թվականի հուլիսի 8-ից սկսված գաղտնի բանակցություններ հեղինակներից է:
Տեղեկությունների համաձայն, Թուրքիան Շվեյցարիայից հետո խորհրդակցություններ է սկսելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։
ArmAr.am












