Է.Նալբանդյան« Ադրբեջանցիները մեկ-մեկ այնպիսի~ հայտարարություններ են անում…»
Այսօր ՀՀ կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը այսպիսի հարց ուղղեց արտաքին գերատեսչության ղեկավարին. «Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, ավելի ստույգ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, թե ՝ Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկվող առաջարկությունների նախաբանը երկու երկրների միջև համաձայնեցված է, ադրբեջանցիները սկսել են հայտարություններ հնչեցնել, թե բանակցությունները մոտենում են ավարտին: Ի՞նչ նախաբանի մասին է խոսքը», -հետաքրքրվեց պատգամավորը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի հայտարությունն այն մասին էր, որ քննարկվող առաջարկությունների նախաբանի վերաբերյալ ընդհանուր ըմբռնում կա, բայց դա որևէ մեկին հնարավորություն չի տալիս եզրակացնել, որ բանակցություններն արդեն ավարտին է մոտենում. «Ադրբեջանցիները մեկ-մեկ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարություններ են անում, և տպավորություն են թողնում, թե՝ իրենք՝ իրենց հետ են բանակցում և հետո հայտարարություններ են անում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Անդրադառնալով քննարկվող առաջարկությունների նախաբանին էդ. Նալբանդյանը նշեց, որ եթե կողմերի միջև պայմանավորվածություն լիներ` հրապարակել նախաբանի մանրամասները ապա՝ դա կարվեր։
Սակայն, դրանով հանդերձ, ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ այդ նախաբանը համահունչ է Աթենքում 56 երկրների նախարարների հայտարարությանը, որտեղ առաջին անգամ ամրագրվեց նաև ինքնորոշման իրավունքը։
ArmAr.am












