Պատգամավոր Զոհրաբյանին չբավարարեց ԱԳ նախարարի պատասխանը
Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր երկու հարց. նախ այն, որ Սոչիում երկու նախագահների հանդիպումից հետո որոշ աղբյուրներ տեղեկություն տարածեցին, որ ղարաբաղյան հակամարտության կագավորման սկզբունքների նախաբանում նշված է՝ բանակցություններին ԼՂՀ մասնակցության մասին: Ինչը սակայն, անմիջապես հերքեց ադրբեջանական կողմը:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդանը հարցի առնչությամբ ասաց, թե հայկական կողմը բազմիցս նշել է, որ անհնար է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ համաձայնության գալ՝ առանց բանակցային գործնթացին Արցախի Հանրապետության մասնակցության. «Այն ինչ ասում են ադրբեջանցիները, ևս մեկ անգամ ցույց է տալիս իրենց ապակառուցողական մոտեցումը խնդրին։ Մեր այս մոտեցումը՝ բանակցություններին Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ, ըմբռնում է գտնում նաև եռանախագահ երկրների կողմից»,- հավելեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր օրերս Իսլամական կոնֆերանս կազմակերպության մասնակից երկրների 6-րդ խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձևին, որով կոչ է արվում իսլամական կազմակերպության անդամ 51 երկրների ազգային խորհրդարաններին՝ Խոջալուի դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն։ Նաիրա Զուրաբյանին հետաքրքրում էր հետևյալ հարցը, թե ի՞նչ կոնկրետ քայլեր է կատարում արտգործնախարարությունը` Խոջալույի դեպքերը իրական լույսի ներքո ներկայացնելու և դրանով հանդերձ` ադրբեջանական կեղծիքին վերջ դնելու համար:
ԱԳ նախարարը նկատեց, թե այդ կառույցում որոշումները շատ հաճախ կայացվում են առանց քվեարկության։ Եվ երբ որևէ հարց է բարձրացվում, որը վերաբերում է ոչ իսլամական մի երկրի, ապա դա միանգամից, մեխանիկորեն ընդունվում է։ Մինչդեռ այդ նույն երկրները «Իսլամական կոնֆերանսի» կապանքներից դուրս` այլ դիրքորոշումներ են կայացնում։
Այնպես որ, ըստ Էդ. Նալբանդյանի, դա առանձնապես մտահոգիչ չէ, քանի որ նման որոշումներ նախկինում էլ են ընդունվել, հիմա էլ են ընդունվում: ԱԳ նախարարը նաև նկատեց, որ իսլամական շատ երկրների հետ Հայաստանը շատ ակտիվ հարաբերություների մեջ է և մեծ աշխատանք է տանում:
Պատգամավոր Զոհրաբյանին տարօրինակ թվաց արտաքին գերատեսչության ղեկավարի պատասխանը, քանի որ նա հստակ փաստարկներ ունի, որ այսօր արդեն, Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ որոշ երկրներում այս խնդիրը բարձրացվում է ազգային խորհրդարանների մակարդակով, ուստի պատգամավորի կարծիքով, պետք չէ այդչափ լավատես լինել, փոխարենը, հարկավոր է միջազգային կառույցներում բավականին ակտիվ աշխատել՝ համադրելով թե’ մեր արտաքին գործերի գերատեսչության, թե խորհրդարանի ներուժը. «Ես` ներկայացված լինելով միջազգային բազմաթիվ կառույցներում չունեմ այն լավատեսությունը, որ միջազգային հանրության հետ մեր աշխատանքը գեր-գերազանց մակարդակի վրա է»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
ArmAr.am












