Եվ դարձյալ ավանդների մասին
Ավանդների վերադարձման գործընթացին անդրդառնալով ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր ասել է, թե կառավարությունն այս խնդրում պետք է փոխի իր դիրքորոշումը, քանի որ ավանդները ոչ թե փոխհատուցում են ինչ- որ բանի, այլ՝ տվյալ անձնավորության սեփականությունն են, և հարգելով տվյալ անձնավորության սեփականության իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, պետք է դրանք վերադարձնել։ Ուստի տվյալ անձնավորության սեփականությունը հանդիսացող գումարը նրա մահից հետո իրավունք պետք է ունենան ստանալու նաև նրա մերձավոր հարազատները։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթանի կարծիքն այս խնդրի շուրջ այլ է, նա նշել է, թե ավանդները վերադարձվում են միայն ավանդատուին, քանի որ այդտեղ սեփականության իրավունքի խնդիր չկա։
Նման պատասխանի հետ, բնականաբար պատգամավորը համաձայն չէր։ Սակայն կողմերը եկան մեկ ընդհանուր հայտարարի, որ առաջիկայում կհանդիպեն, պատգամավորի կողմից ավելի մանրակրկիտ կներկայացվի խնդրի էությունը, որից հետո, գուցեև, հնարավոր լինի հանգել մեկ ընդհանուր եզրակացության։
ArmAr.am












